Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլի տեսություն»-ից:
«Թդեյզ Զաման», 3 սեպտեմբերի 2008թ. Աղբյուրը՝ (Today’s Zaman)
Արձագանքելով ազգայնական ընդդիմության առաջնորդ Դեվլեթ Բահչելիի արտահայտած այն մտքին, թե կառավարությունը, քայլեր ձեռնարկելով Հայաստանի հետ մերձեցման ուղղությամբ, գործում է արտաքին ուժերի ճնշման տակ, արտգործնախարար Ալի Բաբաջանը հիշեցրել է Բահչելիի կուսակցության հիմնադիր, հանգուցյալ Ալփասլան Թյուրքեշի և հայ պաշտոնյաների միջև նախկինում եղած շփումների մասին:
Հարցի շուրջ բանավեճի պատճառ է հանդիսացել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը նախագահ Աբդուլլա Գյուլին՝ դիտելու սեպտեմբերի 6-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության` երկու երկրների հավաքականների ընտրական փուլի հանդիպումը: Գյուլը դեռևս զգուշավորություն է ցուցաբերում, ասելով, որ առայժմ կշռադատում է` ընդունել արդյո՞ք իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հրավերը: Այունամենայնիվ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթվա վերջում լրագրողների հետ իր հանդիպման ժամանակ նշել է, որ Գյուլը կգնա Երևան` խաղը դիտելու:
Գյուլի հնարավոր դրական պատասխանի վերաբերյալ նման ակնարկները դրդեցին «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Բահչելիին հանդես գալ գրավոր հայտարարությամբ:
«Պատմական անմտություն կլինի գնալ Հայաստան` տեղի տալով արտաքին ճնշումներին և պարտադրանքին և ենթարկվելով հայկական լոբբիին [երկրի] ներսում: Նման գործելակերպը կվիրավորի Թուրքիայի արժանապատվությունը»,- իր հայտարարության մեջ նշել է Բահչելին:
Երկուշաբթի երեկոյան «Անատոլիա» լրատվական գործակալությանն արած իր հայտարարության մեջ Բաբաջանը նշել է, որ Գյուլի՝ Երևան կատարելիք այցի մասին առայժմ որոշում չի ընդունվել:
«Մեզ համար դժվար է հասկանալ պրն Բահչելիի հայտարարությունն առ այն, որ այս այցը կվնասի Թուրքիայի հեղինակությունն ու արժանապատվությունը»,- ասել է Բաբաջանն, ավելացնելով, որ Բահչելիի մեղադրական հայտարարությունն անընդունելի է:
Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը 1990-ականների սկզբին, և այդ ժամանակից ի վեր երկու երկրների միջև տարբեր մակարդակներով շփումներ եղել են, այդ թվում նաև` այն ժամանակի պետական այրերի միջև, սկսած 1990-ականների առաջին կեսից:
«Այս շրջանակներում հարկ է հիշատակել Ալփասլան Թյուրքեշի` պետական պաշտոնիայի կարգավիճակով հանդիպումները [Լևոն] Տեր-Պետրոսյանի հետ»,- ասել է Բաբաջանը` անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի և ԱՇԿ նախկին առաջնորդ Թյուրքեշի միջև 1993 թվականին տեղի ունեցած բանակցություններին:
Թյուրքեշն ասել է, որ ինքը տեղեկացրել էր Թուրքիայի վարչապետին ու արտգործնախարարին իր և Տեր-Պետրոսյանի միջև կայանալիք հանդիպման մասին և նշել է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի դեսպանն ու [դեսպանության] խորհրդականը: Հանդիպման նպատակն էր փորձել պարզել` արդյո՞ք հնարավոր էր դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը:
«Եթե այս այցը կայանա, ապա այն կլինի ոչ թե արտաքին ճնշումների և պարտադրանքի արդյունք, այլ կարտացոլի Թուրքիայի կառուցողական ջանքերն իր տարածաշրջանում և միջազգային ասպարեզում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում»,- ասել է Բաբաջանը:
|