«Դը սթար», 23 հունիսի 2008թ. Աղբյուրը՝ (Thestar.com) Նիկոլաս Քյունգ (Nicholas Keung) Ներգաղթի հարցերով թղթակից
Այստեղ իրենց ազգականներին միանալ թույլատրելու փոխարեն, դիմորդներին ուղարկում են իրենց նախնիների հայրենիքը
Ազատ Սարգսյանի հայ նախնիները մեկ դարից ավել է, ինչ բնակություն են հաստատել Իրաքում, և այդ ժամանակից ի վեր նրանց ժառանգներից և ոչ մեկը հայկական հողի վրա ոտք չի դրել:
Նրա քույրն ընտանիքով լքել է Իրաքը պատերազմի պատճառով և ապրում է Հորդանանում որպես ՄԱԿ-ի կողմից ճանաչված փախստական: Անցած վեց տարիների ընթացքում Սարգսյանը երեք անգամ ապարդյուն փորձել է նրանց Կանադա տեղափոխել` Տորոնտոյում Կանադայի Ասորական մեթոդական եկեղեցու կողմից հովանավորվող` Փախստականների վերաբնակեցման ծրագրի միջոցով:
Նրանց ապշեցրել և զայրացրել է Դամասկոսում մուտքի արտոնագրման (վիզա) բաժնի կանադացի պաշտոնյայի պատասխանը. նա ասել է, որ Կանադա գնալու փոխարեն, ընտանիքը պետք է Հայաստան գնա:
«Մեզ ցնցեց այդ որոշումը,- ասում է հեռահաղորդակցության տեխնիկական մասնագետ Սարգսյանը, որը 1997-ին Կանադա է եկել որպես սովորական ներգաղթյալ և այժմ Կանադայի քաղաքացի է: -Նրանք ոչ ոք չունեն ո՛չ Իրաքում, ո՛չ Հայաստանում: Բոլորս Կանադայում ենք: Ինչու՞ է Կանադան ուզում բաժանել մեր ընտանիքը»:
Ինչպես փախստականների հարցերով իրավապաշտպաններն են ասում, Անժել Սարգսյանը, նրա ամուսին Կարապետ Արամը և նրանց երեք որդիները՝ Շանթը, Հակոբը և Աբելը, անհանգստացնող միտման մի օրինակ են. գնալով ավելի մեծ թվով քրիստոնյա հայ փախստականների են մերժում և առաջարկում մեկնել Հայաստան՝ այն դեպքում, երբ նրանց ազգականները Կանադայում են: «Մենք զարմացած և մտահոգված ենք, որ Հայաստանում բնակվելու հնարավորությունը դիմորդներին մերժելու հինք է ծառայում»,- ասում է Կանադայում Փախստականների հարցերով խորհրդի ներկայացուցիչ Ջանեթ Դենչը:
«Որքան մեզ հայտնի է, Կանադան միակ երկիրն է, որը որոշում է կայացնում ծագումով հայ իրաքցիներին մերժել վերաբնակեցման հարցում` հիմք ընդունելով Հայաստանում բնակվելու տարբերակը»:
Կանադայում ներգաղթի հարցերով գերատեսչության խոսնակն ասաց, որ ելնելով անձի մասին տեղեկատվության գաղտնիության սկզբունքից` գերատեսչությունը չի կարող մեկնաբանություններ տալ կոնկրետ դեպքի վերաբերյալ և ավելացրեց, որ յուրաքանչյուր դիմում քննվում է առանձին, և դիմորդին այլ երկրում վերաբնակեցնելը, որպես հարցի «հուսալի լուծում», միշտ գործոն է որոշում կայացնելում:
Իրաքցի հայերի հանդեպ վերաբերմունքը Տորոնտոյում ներգաղթի հարցերով փաստաբան Շանթալ Դելոժին հիշեցնում է այն ժամանակները, երբ 1990-ներին, Խորհրդային Միության փլուզումից հետո, այնտեղից արտագաղթող հրեաներին փախստականի կարգավիճակ չէին տալիս` փոխարենն առաջարկելով բնակություն հաստատել Իսրայելում:
Փաստաբանի պաշտպանյալներից մեկը, Կանադայից մերժում ստանալով, փորձել է գնալ Հայաստան, սակայն մերժվել է: «(Հայաստանի) դեսպանատունը նրան մերժման փաստաաթուղթ չի տալիս, հետևաբար նա չի կարող որևէ ապացույց ներկայացնել Կանադայի (պաշտոնյաներին)»,- ասում է նա:
Դելոժի փոխանցմամբ` փախստականներին վերաբերող նախադեպային իրավունքի համաձայն, Կանադան կարող է փախստական դիմորդին ուղարկել այլ երկիր միայն այն դեպքում, եթե այդ երկիրը «երաշխավորում է» ընդունել նրան:
Հայաստանն արդեն զգում է ՄԱԿ-ի աջակցության կարիքը՝ Իրաքից փախստականների ներհոսքի հետ կապված խնդիրները լուծելում: Սարգսյանների փաստաբան Անգուս Գրանտի կարծիքով` վերաբնակեցման ծրագիրը, որի մասին նշել են Կանադայի պաշտոնյաները, չի վերաբերում փախստականներին. սա հաստատեց Օտտավայում Հայաստանի դեսպանատան խոսնակը :
«Այն միայն հայկական սփյուռքի նյութապես ապահով հայերին է թույլ տալիս գալ և ապրել Հայաստանում»,- պարզաբանում է Արման Հակոբյանը:
«Մենք ողջունում ենք հայերի վերադարձը Հայաստան, սակայն երկրի տնտեսական անցումային շրջանում այն չի խրախուսվում, քանի որ մենք պարզապես ի զորու չենք ընդունել փախստականների հորդ ներհոսք»:
|