Среда, 27.11.2024, 06:28
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Сентябрь » 14 » Հարավային ճակատում ամեն ինչ հանգիստ է
Հարավային ճակատում ամեն ինչ հանգիստ է
10:32
Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլի տեսություն»-ից:
 
«Ռաշա Փրոֆայլ», 27 հուլիսի 2008թ.
Աղբյուրը՝ (Russia Profile.org)
Սերգեյ Մարկեդոնով (Sergey Markedonov)

Չնայած ռուս-վրացական հակամարտության բացասական ազդեցությանը թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի վրա` երկու երկրներն էլ զերծ են մնում կողմնապահությունից:

Հարավային Օսիայում տեղի ունեցած «հնգօրյա պատերազմի» իրադարձությունները ցույց տվեցին, որ հարավկովկասյան երկրները հիմնականում գործում են` ելնելով իրենց ազգային շահերից և ոչ թե` «հավիտյան բարեկամության» հավաստիքներից: Այսպես, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պահվածքը զգուշավոր է և կշռադատված. նրանք գիտակցում են, որ ռուս-վրացական հակամարտության մեջ ներգրավվելը հղի է բազմաթիվ «թաքնված խութերով», որոնք կարող են ավելի վտանգավոր լինել, քան Բաքվի համար այդքան ատելի, իսկ Երևանի համար բաղձալի ստատուս-քվոն:

Հարավային Օսիայում «սահմանադրական կարգը վերականգնելու» Վրաստանի ջանքերը և Ռուսաստանի կոշտ արձագանքը փոխեցին քաղաքական, իրավական և ուժային փոխտեղադրությունը ոչ միայն երկու «թեժ կետերում», այլ ողջ ԱՊՀ-ում: Դրանք լուրջ ազդեցություն ունեցան Եվրասիայի ողջ էթնո-քաղաքական իրավիճակի վրա: Այս առումով, հույժ կարևոր է քննել Հարավային Կովկասում ներկայիս «անվտանգության դեֆիցիտի» հետևանքները, հատկապես այն պատճառով, որ վերջին շաբաթներում Հայաստանը և Ադրբեջանը ստվերում են մնացել: Ի՞նչ դասեր կարողացան քաղել Բաքուն և Երևանը, որոնք 2008-ի «թեժ օգոստոսին» Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղի ունեցած իրադարձությունների շնորհիվ հայտնվեցին հակասական, բարդ վիճակում:

Դիտարկենք Հարավային Կովկասի ներկայիս անկախ պետությունների, նախկինում՝ կովկասյան երեք հանրապետությունների միջև եղած հորիզոնական կապերը: Վրաստանը Ադրբեջանին համարում էր իր բնական դաշնակիցը: Բաքուն պատրաստ էր փոխադարձել զգացմունքը: Հիշենք, որ Հարավային Օսիայում իրավիճակի նոր սրման նախորդ օրը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ադրբեջանին որակեց ոչ ավել, ոչ պակաս, քան իր երկրի «անկախության երաշխավորը»: Վրաց առաջնորդին բնորոշ թատերականությունը մի կողմ դնելով` կենտրոնանաք մի քանի կարևոր հանգամանքների վրա:

Առաջին, Վրաստանը և Ադրբեջանը անդամակցում են ՎՈՒԱՄ-ին՝ մի կազմակերպություն, որը բացահայտ ԱՊՀ-ի դեմ ուղղված դերակատարության նպատակներ է հետապնդում: ԱՊՀ-ից պաշտոնապես դուրս գալուց հետո, ՎՈՒԱՄ-ն այն միակ կառույցն է, որի շրջանակներում Վրաստանը կարող է իրականացնել Եվրասիայի տարածքում ինտեգրման իր ծրագրերը (այլ հարց է, թե որքանո՞վ է դա հաջողվում):

Երկրորդ, Ադրբեջանը միշտ պաշտպանել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ի տարբերություն Ուկրաինայի` Ադրբեջանը կորցրել է իր տարածքի մոտ 13 տոկոսը, որը ճանաչված է իր անբաժանելի մասը: Ահա թե ինչու Ադրբեջանի աջակցությունը, քաղաքական պատճառներից զատ, ունի նաև հուզական և հոգեբանական հիմքեր (ինչը քաղաքականության մեջ, առավել ևս` Կովկասում, անչափ կարևոր է):

Երրորդ, երկու երկրների միջև կա տնտեսական համագործակցություն: 2005-ի էներգետիկ ճգնաժամի ընթացքում Ադրբեջանն էր Վրաստանին գազ մատակարարում: «Վրաց ժողովուրդը դա երբեք չի մոռանա»,- հուլիսի 24-ին, «Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս» երկաթգծի թուրքական հատվածի հանդիսավոր բացման ժամանակ իր ելույթում ասաց Սահակաշվիլին (Ցխինվալի ողբերգությունից ընդամենը երկու շաբաթ առաջ): Երկու կովկասյան պետություններին միավորում էր նաև նավթի ու գազի երկու խողովակաշար: Բացի այդ, Բաքուն հաճախ հանդես է եկել որպես Թբիլիսիի շահութաբեր և վստահելի հովանավոր:

Մյուս կողմից` Վրաստանը երբեք Հայաստանին չի համարել իր ռազմավարական գործընկերը, առավել ևս` «անվտանգության երաշխավորը»: Նրանց երկկողմանի հարաբերություններում կան մի շարք զգայուն հարցեր, այդ թվում` հայերի դրությունը Վրաստանում (հայաբնակ Սամցխե-Ջավախեթիում և բուն Թբիլիսիում, որը կարևոր մշակութային կենտրոն է բոլոր հայերի համար) և հայ համայնքի դերը աբխազական հակամարտության մեջ: 1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմում Բաղրամյանի անվան գումարտակ էր կռվում «ագրեսիվ անջատականների» կողմից (այսպես են նրանց անվանում Թբիլիսիում): Շատ ավելի քիչ թվով հայեր էին կռվում վրացիների կողմից (հիմնականում` թբիլիսցիներ): Ներկայումս հայ համայնքն Աբխազիայում ներկայացված է և՛ կառավարությունում, և՛ գործարար շրջանակներում, և ընդհանուր առմամբ, հավատարիմ է փաստացի պետության ղեկավարությանը:

Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող ռազմական գործընկերությունն (մասնավորապես` Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան, ուր տեղափոխվեցին Վրաստանից դուրս բերված ռուսական զինվորական ստորաբաժանումները) ավելի է բարդացնում հայ-վրացական հարաբերություններում առկա խնդիրները: Մինչ ռուսական ռազմաբազայի դուրսբերումն Ախալքալաքից, այնտեղ մեծ թվով տեղացի հայեր էին աշխատում: Բացի այդ, Վրաստանը (նաև Իրանը) Հայաստանի համար ելք է դեպի արտաքին աշխարհ (քանի որ Հայաստանը ցամաքային շրջափակման մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից): Հետևաբար, Երևանը չի ցանկանում որոշ սահմաններ անցնել Թբիլիսիի հետ իր հարաբերություններում: Հայաստանը գիտակցում է նաև, որ իր ելքը դեպի Ռուսաստան Վրաստանով է անցնում, այդ պատճառով էլ ռուս-վրացական հարաբերությունների դինամիկայից կախվածությունն անչափ ցավոտ հարց է Հայաստանի համար: Վրաստանն, իր հերթին, Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատումից հետո, ավելի զգուշավոր է «Հայկական հարց»-ում: Վրաց ղեկավարները չեն կարող անտեսել այն, որ, ի տարբերություն աբխազների կամ օսերի, հայերը ուժեղ աջակցություն ունեն Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում (այդ թվում՝ Ֆրանսիայում):

Եվ իրոք, վերոհիշյալ շահերով է պայմանավորված Վրաստանի հարևանների վերաբերմունքը «թեժ օգոստոսի» իրադարձություններին: Չնայած Ռուսաստանի հետ ունեցած ռազմավարական դաշինքի իր պարտավորությանը` Հայաստանը նախընտրեց զերծ մնալ հապճեպ քայլերից և կտրուկ հայտարարություններից: Դրա համար բազմաթիվ պատճառներ կան: Նա չի ցանկանում իր գործողություններով ո′չ միանշանակ սատարել Ռուսաստանին, ո′չ էլ փչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ: Երկիրն, առանց այդ էլ, բարդ իրավիճակում է Երևանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանը Ալեքսանդր Լուկաշենկոն չէ, որին Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը իրադարձություններն առավել ազատորեն մեկնաբանելու իրենց «օրհնությունն» են տվել վաղուց:

Հայաստանը, որն ունի Ղարաբաղի նման խոցելի կետ, այնքան էլ շահագրգռված չէր կապելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) և հայ-ադրբեջանական հակամարտության հարցը ռուս-վրացական հարաբերությունների հետ: Բացի այդ, նույնիսկ ավելի վաղ, թե′ Հայաստանի, թե′ ԼՂՀ ղեկավարները խուսափեցին բացահայտ օսամետ և աբխազամետ դիրքորոշում ընդունել: Այդ պատճառով էլ, օգոստոսի 10-ին Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները շտապեցին հայտարարել, որ վրացական ռազմաօդային բազաների վրա հարձակումները չեն իրականացվում Հայաստանում տեղակայված ռուսական բազայից. «Գյումրի քաղաքի 102-րդ ռազմական բազան չունի նման ռմբակոծումներ իրականացնելու կարողությամբ ռազմական ինքնաթիռներ»,- հայտնեցին նրանք:

Հայաստանի դիրքորոշումը ռուս-թուրքական ջերմացած հարաբերությունների նկատմամբ ևս մի ցավոտ հարց է: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի չափավոր աջակցությունը Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանը Երևանում (ինչպես նաև հայկական սփյուռքում) ձևավորում է զգացողություն, որ երկու մեծ տերությունները կարող են փոխհամաձայնության գալ` ի վնաս Հայաստանի (մասնավորապես Ղարաբաղի հարցում): Հիշե՛նք օգոստոսի 13-ին Էրդողանի արած հայտարարությունը. «Իրադարձությունները Հարավային Օսիայում առիթ են տալիս մեզ վերանայելու մեր երկրների միջև հարաբերությունները, քանի որ մեր համերաշխությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի համար»: Ահա թե ինչ է գրում այս հարցի շուրջ Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Կարապետ Կալենչյանը. «Տեսնելով, որ Ռուսաստանը նորից է մուտք գործում Հարավային Կովկաս, Թուրքիան լիովին իր աջակցությունն է հայտնում նրան` ակնկալելով որոշ զիջումներ Ռուսաստանի կողմից: Ի՞նչպիսին կլինեն այդ զիջումները: Հայերս հաճախ մտավախություն ունենք, որ այդ զիջումները կարվեն մեր շահերի հաշվին»:

Ադրբեջանի դիրքորոշումը ևս կարելի է որակել զգուշավոր (սակայն` հակառակ ուղղությամբ): Հանրապետության զանազան քաղաքական կուսակցությունների (այդ թվում կառավարող կուսակցության) ներկայացուցիչներն ավելի բաց էին արտահայտում իրենց դիրքորոշումները: Մուբարիզ Ղուրբանլիի (կառավարող «Յենի Ազերբայջան» կուսակցություն) խոսքերով. «Վրաց իշխանությունների` երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված քայլերը միանգամայն արդարացված են: Ձեռնարկված քայլերը համապատասխանում են ՄԱԿ-ի Կանոնադրությանը»: Նշենք, որ այս մոտեցումն (անջատականներին պատժելու գործողությունների օրինականությունը) Ադրբեջանում շատ ավելի լայն տարածում ուներ, քան Վրաստանում: «Մուսավաթ» (ընդդիմադիր) կուսակցության գերագույն մեջլիսի նախագահ Սուլհադին Աքպերի կարծիքով` Վրաստանը «ստիպված էր Հարավային Օսիայում անջատականների դեմ գործողություն ձեռնարկել»: Այդուհանդերձ, պաշտոնական Բաքուն շատ ավելի զգուշավոր էր, քան, ասենք, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն և իր երկրի արտգործնախարարությունը (ի տարբերություն Ադրբեջանի` Ուկրաինան այս տարածաշրջանում լուրջ շահեր չունի):

Ադրբեջանի արտգործնախարարության օգոսստոսի 8-ին արած հայտարարությունը, որը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը (և որն արժանացել է վրաց դիվանագետների հավանությանը), պարունակում էր լոկ ընդհանուր դրույթներ՝ Վրաստանի ձեռնարկած քայլերի «միջազգային իրավունքի» շրջանակներում օրինական լինելու վերաբերյալ և զերծ էր այլ պարզաբանումներից:

Վրաստանին իրենց աջակցությունը հայտնած հինգ երկրների ղեկավարներ ներկա էին օգոստոսի 12-ին Թբիլիսիում կայացած հանրահավաքին: Այնտեղ էին երեք մերձբալթյան երկրների, Լեհաստանի և Ուկրաինայի առաջնորդները: Մինչդեռ Իլհամ Ալիևը` ղեկավարն այն պետության, որին Սահակաշվիլին ընդամենը մեկ ամիս առաջ կոչել էր «անկախության երաշխավոր», ներկա չէր: Բաքուն նախընտրեց զգուշավորությունը` ելնելով Ռուսաստանի հետ կայուն հարաբերություններ պահպանելու իր շահերից: Ի տարբերություն Վրաստանի` Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ խիստ առճակատման չի գնում: Բաքվում Ռուսաստանին դիտում են որպես Արևմուտքի հակակշիռ (վերջինիս հարաբերություններն Ադրբեջանի հետ նույնքան աներկբա չեն, որքան Վրաստանի հետ): Ադրբեջանը վախենում է նաև ներքաշվել «իրանական խաղի» մեջ, որում իրեն վիճակված կլինի ստանձնել կա′մ վազքուղու, կա′մ «Թեհրանի պատասխան հարվածի» թիրախի դեր: Այստեղից էլ բխում է Ռուսաստանի հետ, թեև բարդ, բայց ընդհանուր առմամբ` բարեկամական հարաբերություններ ունենալու ցանկությունը:

Ընդդիմությունը փորձում է շահարկել ստեղծված իրավիճակը: «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը (որը վերջին նախագահական ընտրություններում երկրորդ տեղում էր) համոզված է, որ պաշտոնական Բաքվի արձագանքը Հարավային Օսիայի իրադարձություններին համարժեք չէ: Սակայն որքա՞ն ազդեցություն ունեն այսօր Իսա Ղամբարը կամ ընդդիմության այլ գործիչներ (Էլդար Նամազով կամ Ալի Քերեմլի), որպեսզի կարողանան փոխել նախագահական թիմի դիրքորոշումը: Սա հռետորական հարց է: Եկե՛ք դիտարկենք ենթադրական մի իրավիճակ. այն է` Ղամբարը կամ Նամազովը վաղը փոխարինում են Իլհամ Ալիևին: Իմ կարծիքով` նրանք նույնպես, ղեկավարվելով Ադրբեջանի ազգային շահերով, կտարանջատեն հռետորությունն իրատեսական քաղաքականությունից: Նշենք, որ եթե այսպիսի սցենար խաղարկվեր Լեռնային Ղարաբաղում, Բաքուն կարժանանար Արևմուտքի շատ ավելի կոշտ արձագանքին: Նույնիսկ կսկսեին խոսել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Եվրամիության առաջատար երկրների համատեղ կարծիքը հնչեցնելու մասին: Ահա թե ինչու է Ադրբեջանի ոստիկանությունը արգելում Բաքվում Ռուսաստանի դեսպանության առջև բողոքի ցույցերը և կանխում երկրով մեկ հակառուսական հիսթերիայի տարածումը:

Սերգեյ Մարկեդոնով
Քաղ. գիտ. թեկնածու,
Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի
միջէթնիկական հարաբերությունների բաժնի պետ
 
Категория: Обзор СМИ | Просмотров: 954
Календарь новостей
«  Сентябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru