Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլի տեսություն»-ից:
«Ինթրնեյշնլ Հերալդ Թրիբյուն». Աղբյուրը` International Herald Tribune , քաղված է «Ասոշիեյթեդ Փրես» -ից
ԱՆԿԱՐԱ, Թուրքիա: Եթե Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեն և ընկալվեն որպես լավ հարաբերություններ ունեցող պետություններ, ամենայն հավանականությամբ, մյուս երկրները կդադարեն ընդունել բանաձևեր, որոնք Օսմանյան Թուրքիային մեղադրում են իր հայ բնակչության դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացրած ցեղասպանության մեջ, չորեքշաբթի օրն ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:
Արտգործնախարար Ալի Բաբաջանը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նշել է, որ շաբաթ օրը Թուրքիայի նախագահի՝ Հայաստան կատարած շրջադարձային այցից հետո երկու երկրներն ուժեղացրել են ջանքերն իրենց միջև եղած տարաձայնությունները լուծելու ուղղությամբ:
Պատմաբանների գնահատմամբ` 1915-18 թվականներին շուրջ 1,5 միլիոն հայ է սպանվել Օսմանյան Թուրքիայում. այն լայնորեն ընդունված է համարել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Աշխարհի շուրջ 20 խորհրդարաններ այս կապակցությամբ բանաձևեր են ընդունել: Թուրքիան ժխտում է ցեղասպանության եղելությունն, ասելով, որ զոհերի թիվն ուռճացված է, և որ նրանք մահացել են քաղաքացիական պատերազմի և անհանգստությունների ընթացքում:
Թուրքիան եռանդուն լոբբինգ է ծավալում ամեն անգամ, երբ որևէ օրենսդիր մարմին սկսում է քննարկել այդ զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն բնութագրող փաստաթուղթ: Անցյալ տարի նախագահ Ջորջ Բուշին հազիվ հաջողվեց կանխել ԱՄՆ-ի Կոնգրեսում չպարտադրող այդպիսի մի բանաձևի ընդունումը: Նա զգուշացրեց օրենսդիրներին, որ նման քայլը կվտանգի Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին Թուրքիայի նյութատեխնիկական աջակցությունը:
Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանը փակեց 1993-ին, որպես բողոք ընդդեմ Հայաստանի, որ աջակցում էր Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի դաշնակից Ադրբեջանից անջատելու համար պայքարող հայերին: Բացի այդ, հայ ազգայնականները պնդում են, որ Արարատ լեռան շուրջն ընկած Թուրքիայի տարածքն Արևմտյան Հայաստան է: Ամենից վիճահարույց հիմնախնդիրը, սակայն, Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրագործված հայերի կոտորածն է:
«Եթե մեզ հաջողվի արագ առաջընթաց ապահովել հիմնախնդիրների լուծման մեր նախաձեռնության մեջ,- ասել է Բաբաջանը տեղական NTV հեռուստաալիքին,- ապա երրորդ երկրների խորհրդարաններն այս հարցերը քննարկելու կարիք չեն ունենա: Մենք կասենք նրանց. «Ձեր գործին կացեք: Հայաստանն ու Թուրքիան իրար լավ են հասկանում»:
Նա խուսափեց նշել, թե երկու պետությունները հատկապես ո՞ր խնդրին են անդրադառնալու առաջին հերթին` ասելով, որ բոլոր հարցերն էլ դրվելու են քննարկման սեղանին:
Հայաստանը «լուծումների միտված դիրքորոշում ունի,- ասել է Բաբաջանը: Երկու կողմերն էլ խնդրի լուծման համար քաղաքական կամք են դրսևորում»:
Նա ավելացրեց, որ հնարավոր է մասնակցի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը, որը տեղի կունենա Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր խորհրդի նիստի գումարման ընթացքում, որպես կողմնակի միջոցառում:
Հայտնի է, որ Թուրքիայի` իր սահմանները դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ փակելը վնաս է հասցրել այս առավել փոքր երկրի տնտեսությանը: Սակայն Բաբաջանը նշեց, որ, այդուհանդերձ, Թուրքիայի և Հայաստանի միջև տարեկան շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն է կատարվում Վրաստանի տարածքով:
|