Среда, 27.11.2024, 06:40
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Сентябрь » 26 » Ադրբեջանի արտաքին քաղաքականության տաս սասանված դրույթները
Ադրբեջանի արտաքին քաղաքականության տաս սասանված դրույթները
16:51
Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլի տեսություն»-ից:

«Ազերբայջան ինթերնեյշնլ», 17 օգոստոսի 2008թ.
Աղբյուրը` (Azerbaijan International)
Փոլ Գոբլ (Paul Goble)

«Ճգնաժամ Կովկասում-2008» շարքից
Ռուս-վրացական հակամարտությունը և դրա ազդեցությունն Ադրբեջանի վրա

Ծանոթագրություն. այս հոդվածը գրվել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի` «Ադրբեջանն աշխարհում» երկշաբաթաթերթի համար և տպագրվել է 1-ին հատորի 14-15 համարում (1 սեպտեմբերի, 2008թ.): Կարդացեք նաև http://www.ada.edu.az/biweekly կայքում:

Ոչ մի երկրի արտաքին քաղաքական միջավայրը, բացառությամբ անմիջական ախոյաններ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, այնքան չի փոխակերպվել Վրաստանում տեղի ունեցած պատերազմի պատճառով, որքան Ադրբեջանինը:

Այդ հակամարտությունը և երկու երկրների ու միջազգային հանրության արձագանքը կասկածի տակ առան գրեթե բոլոր այն դրույթները, որոնց վրա մեկ տասնամյակ շարունակ հիմնվել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը: Հետևաբար, Ադրբեջանի կառավարության և ժողովրդի առջև բարդ և ցավոտ խնդիր է ծառացել` վերանայել և՛ անմիջական տարածաշրջանի մասին ունեցած իրենց պատկերացումները, և՛ երկրի արտաքին քաղաքականության օրակարգը:

Հաշվի առնելով այն արագությունը, որով տեղի ունեցան այս փոփոխությունները, դրանց փոխկապակցվածությունը, ինչպես նաև այն, որ չկա ակնհայտ կամ դյուրին պատասխան այս դրույթներից որևէ մեկին, դեռ չափազանց վաղ է ասել, թե ինչպիսի քայլեր այժմ կձեռնարկի Բաքուն կամ թե ինչպիսին կլինի իր անմիջական տարածաշրջանի, ինչպես նաև` միջազգային հանրության դիրքորոշումը իրերի նոր փոխդասավորության պայմաններում: Սակայն Ադրբեջանի` այս նոր միջավայրում ի հայտ եկած մարտահրավերները և հնարավորությունները գնահատելու համար օգտակար կլինի առանձնացնել այն տաս դրույթները, որոնց վրա մինչ այժմ հիմնվել է այդ երկրի արտաքին քաղաքականությունը, և վերլուծել այն հանգամանքները, որոնք Վրաստանում ծավալված իրադարձությունների հետևանքով սասանել են դրանք:

Սասանված դրույթ 1
Վրաստանը բավականաչափ կայուն է ծառայելու որպես Ադրբեջանի և կասպյան ավազանի նավթի ու գազի արտահամնան համար Ռուսաստանը շրջանցող հիմնական ուղի:

Ռուսաստանի` Վրաստան ներխուժելու առավել ակնհայտ հետևանքն Ադրբեջանի համար եղավ այն, որ Ռուսաստանը ցույց տվեց, որ Վրաստանն ադրբեջանական և կասպյան ածխաջրածնային պաշարների` դեպի Արևմուտք արտահանման հուսալի ճանապարհ չէ: Ռուսաստանը թե՛ սեփական ուժերով և թե՛ իր դաշանակիցների օժանդակությամբ պայթեցրել է խողովակաշարի որոշ հատվածներ, ոչնչացրել կարևորագույն երկաթուղային կամուրջներից մեկը և խառնաշփոթ առաջացրել վրացական նավահագիստներում: Նավթի արտահանումն այժմ խաթարված է, և Ադրբեջանն արդեն իսկ ստիպված է եղել խնդրել Մոսկվային Ռուսաստանի տարածքով դեպի Նովոռոսիյսկ տանող խողովակաշարերից օգտվելու ավելի մեծ հնարավորություն ընձեռել իրեն: Բաքվի այն ենթադրությունը, թե Վրաստանն Ադրբեջանի համար Ռուսաստանը շրջանցելու հուսալի ուղի է, սասանվել է` իր հերթին կոտրելով Ադրբեջանի պատկերացումները թե՛ իր, թե՛ աշխարհի մասին:

Սասանված դրույթ 2
Ռուսաստանն ընդունել է հակամարտության կարգավորման 1991-ի պայմանները և ռազմական ուժ չի գործադրի իր հարևանների նկատմամբ:

Արևմտյան տերություններն, ԱՄՆ գլխավորությամբ, վերջին տասնհինգ տարիներին շարունակ ասել են, որ Ռուսաստանն ընդունել է հակամարտության կարգավորման 1991 թվականին ձեռք բերված պայմանները և երբեք ուժ չի կիրառի դրանք փոխելու նպատակով: Ի տարբերություն նախորդ տարիների` Ռուսաստանն այսօր այլևս չի պաշտպանում ստատուս քվոն: Մոսկվան շահագործեց Արևմուտքում առկա թյուր ընկալումները` իր հարևանների դեմ ուղված քայլեր ձեռնարկլու համար, նախ` քայքայիչ գործողություններով, այնուհետև, ինչպես Վրաստանում` ռազմական ուժի բացահայտ կիրառմամբ:

Վլադիմիր Պուտինի օրոք Ռուսաստանը վերանայեց իր քաղաքական կուրսը` վերադառնալով նախկինին, որպես մի տերություն, որի առաջնորդներն այն համոզմանն են, թե սեփական նպատակներին հասնելու և հատկապես թշնամիներին պատժելու համար կարող են և պարտավոր են ուժ կիրառել: Այսպիսով, այն դրույթը, թե Ռուսաստանն ընդունել է միջազգային հանրության խաղի կանոնները (մտայնություն, որ շատերն են Բաքվում հիմք ընդունել, քանի որ այդ էին նրանց խրախուսում արևմտյան տերությունները), նույնպես սասանվեց և նետվեց պատմության աղբարկղը:

Սասանված դրույթ 3
Միացյալ Նահանգների հզորությունը բավարար է նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի գործողությունները սանձող` վստահելի և ընդունելի ուժ լինելու համար:

Անկասկած, Միացյալ Նահանգները ներկայիս միակ գերտերությունն է, սակայն, ինչպես ցույց տվեցին վրաստանյան իրադարձությունները, ԱՄՆ-ի դիրքերն այսօր թույլ չեն տալիս այնպիսի ազդեցություն ունենալ նախկին ԽՍՀՄ տարածքում, որ հնարավոր լինի խոչընդոտել Ռուսաստանի գործողությունները: Դրան խանգարող երեք պատճառ կա:

Առաջինն ու առավել մտահոգիչն այն է, որ Միացյալ Նահանգները վերջին տասնամյակում շարունակ խոսել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին: Սա ինքնախաբեություն է, ինչը սակայն Վաշինգտոնի արտաքին քաղաքական համակարգում դաստիարակել է մարդկանց մի դաս, որն այժմ կարող է արդարացումներ տալ Ռուսաստանին որևէ հարցում չընդիմանալու համար:

Երկրորդ, Միացյալ Նահանգների գործողությունները Բալկաններում, Իրաքում և Աֆղանստանում ավելի են բարդացնում Վաշինգտոնի խնդիրը` ընդդիմանալ սեփական շահերը պաշտպանելու նպատակով այլ պետությունների կողմից ուժի կիրառմանը, հատկապես երբ խոսքը միջուկային զենք ունեցող պետության մասին է:

Երրորդ, ներկա վարչակազմը 2001 թվականի սեպտեմբերի 11-ից ի վեր գրեթե բացառապես զբաղված է եղել Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարով` արհամարհելով իր դաշնակիցներին Եվրոպայում և այլուր, արդյունքում այսօր հայտնվելով Ռուսաստանի դեմ կոալիցիա ստեղծելու համար ոչ բարենպաստ դիրքում: Այս ու նաև այլ պատճառներով (որոնք առնչվում են ռուսական գազից ու նավթից Եվրոպայի կախվածության խնդրին) հեղինակազրկված է Բաքվի արտաքին քաղաքականության ևս մեկ դրույթ:

Սասանված դրույթ 4
Սահմանների անխախտելիության հարցում Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունն այնքան հստակ դիրքորոշում ունեն, որ թույլ չեն տա սահմանների որևէ վերանայում, առավել ևս` բռնի ուժով:

Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը սկզբունքորեն դեմ են սահմանների փոփոխմանը, բայց ոչ անպայմանորեն գործնականում: Ի վերջո, Միացյալ Նահանգները և իր դաշնակիցները ոչ միայն ողջունեցին Խորհրդային Միության և Հարավսլավիայի մասնատումը, այլ նաև բոլորովին վերջերս աջակցեցին Կոսովոյի անկախացմանը: Որպես Վիլսոնյան գաղափարների հետևորդ, հեղինակն այն կարծիքին է, որ ազգերի ինքնորոշման իրավունքին աջակցելը ճիշտ է, սակայն համոզված է նաև, որ այդ սկզբունքին աջակցելու հարցում պետք է հետևողական լինել: Հակառակ դեպքում այլոք կշահարկեն այդ հանգամանքը: Եվ այն, ինչ ռուսներն արեցին Վրաստանում, կամ` պատճառը, որ Պուտինն ու իր շրջապատը մտածեցին, թե կարող են անհետևանք ու անվնաս դուրս պրծնել դրանից, առաջին հերթին Բալկանների պատմության վերջին զարգացումների արդյունքն է: Արևմտուտքի, մասնավորաբար` ԱՄՆ-ի անկարողությունը հասկանալու այնտեղ կատարվածի հետևանքները և ձեռնարկելու գործողություններ նախկին խորհրդային տարածքում, սասանել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության դրույթներից ևս մեկը:

Սասանված դրույթ 5
Թուրքիան կարող է սատարել Ադրբեջանին ընդդեմ Ռուսաստանի:

Ադրբեջանի քաղաքական մտքի հիմնաքարերից մեկն այն է, որ բախման դեպքում Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին: Իրադարձությունները Վրաստանում ապացուցում են, որ այդպես չէ: Անկարայի որոշումն` արգելելու Վրաստանին օգնության հասած երկու ամերիկյան նավ-հոսպիտալների անցումը թուրքական նեղուցներով, ցույց տվեց, որ Ռուսաստանը շատ ավելի մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա, քան շատերը Բաքվում կարծում էին: Իսկ Անկարայի առաջարկն առ այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան դառնան Կովկասի կայունության համաերաշխավորները, հավանաբար բխում է Աթաթուրքի քաղաքականությունից, որն սկզբում Խորհրդային կողմնորոշում է ունեցել: Սակայն այսպիսի համատեղումը չի նշանակում, թե Թուրքիան կպաշտպանի Ադրբեջանին, այլ այն, որ նա կթաքցնի Բաքվի վրա Ռուսաստանի ճնշումները:

Սասանված դրույթ 6
Իրանին մեկուսացնելու ԱՄՆ-ի ջանքերի, ինչպես նաև` Իրանի ներքին խնդիրների շնորհիվ, վերջինս ոչ մի լուրջ վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար:

Իրանը ոչ միայն սատարեց Մոսկվայի գործողությունները Վրաստանում, այլև ընդլայնեց Հայաստանի հետ իր համագործակցությունը հետախուզության և անվտանգության ոլորտներում: Այն նաև շատ ավելի կոշտ քաղաքականություն է որդեգրել երկրի հյուսիսում բնակվող էթնիկ ադրբեջանցիների հանդեպ: Իրանը գուցե որոշ առումներով դժվար կացության մեջ է (որը և Վաշինգտոնի հստակ ցանկությունն է), սակայն իր անմիջական հարևանության սահմաններում, որի մաս է կազմում Ադրբեջանը, Թեհրանն ունի Ադրբեջանի համար բարդություններ առաջացնելու ռեսուրսներ, շարժառիթ, իսկ հիմա նաև` հնարավորություն:

Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ Իրանը փորձելու է լեզգիների միջոցով, և Հայաստանի հետ համագործակցելով, Ադրբեջանում բնակվող այլ փոքրամասնությունների միջոցով նոր մարտահրավերներ նետել Ադրբեջանին, ինչպես նաև օգտագործել մեծաթիվ ադրբեջանաբնակ իրանցիների գործոնը` Բաքվի վրա ճնշում գործադրելու նպատակով: Իսկ Ադրբեջանի հակառակ համոզմունքը (որը դարձյալ Միացյալ Նահանգների կողմից էր խրախուսվում) թերևս սասանվել է անդառնալիորեն, հատկապես վրաստանյան իրադարձությունների զարգացման համատեքստում:

Սասանված դրույթ 7
Ադրբեջանի աճող տնտեսությունը լայն հնարավորություն կտա հակազդելու Ղարաբաղի հարցում Հայաստանի նետած մարտահրավերներին:

Իլհամ Ալիևից սկսած` բոլոր պաշտոնյաներն Ադրբեջանում պարբերաբար հայտարարում են, որ իրենց երկրի աճող տնտեսությունը թույլ է տալիս հասնելու այնպիսի քաղաքական և ռազմական հզորության, որը հնարավորություն կտա Բաքվին դիմագրավելու Հայաստանից եկող որևէ մարտահրավեր: Այս դրույթն այժմ սասանված է` երեք պատճառով:

Առաջին, տնտեսական հզորությունն ուղղակիորեն ռազմական հզորություն չի ապահովում: Կարելի է ձեռք բերել ավելի շատ սպառազինություն, բայց դա դեռ չի նշանակում, թե այն ձեռք բերողն ավելի հզոր է:

Երկրորդ, Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, կարող է ապավինել Ռուսաստանի օգնությանը: Հայաստանի համեմատ` Ադրբեջանը շատ ուժեղ է երևում, սակայն, Հայաստանի և Ռուսաստանի համեմատ` պատկերն այլ է:

Երրորդ, դարձյալ, ինչպես ցույց տվեցին վրաստանյան իրադարձությունները, ժամանակակից բանակին կարելի է գերազանցել թվաքանակով և ռազմական ու քաղաքական նպատակներին հասնելու համար զոհաբերությունների պատրաստակամությամբ: «Տնտեսումե-ը սխալ էր դեռևս մեկ դար առաջ. ռազմավարական մտքում այն հիմա էլ սխալ է:

Սասանված դրույթ 8
Էներգակիրների «ծարավ» Եվրոպայի համար նավթի աղբյուր հանդիսացող Ադրբեջանը կարող է ապավինել արտաքին աշխարհի աջակցությանը որևէ մարտահրավերի դեպքում:

Ադրբեջանի նավթը Բաքվի հիմնական այցեքարտն է աշխարհում, բայց Ադրբեջանը նավթի միակ աղբյուրը չէ, իսկ վրաստանյան իրադարձությունները նվազեցնում են ադրբեջանական նավթի գրավչությունը: Ի վերջո, եթե Ադրբեջանն ունի ինչ պետք է աշխարհին, սակայն չի կարողանում այն անխափան մատակարարել (իսկ Մոսկվան ցույց տվեց, որ չի էլ կարողանա, մինչև որ իր պահանջներին ընդառաջ չգնան), ապա ադրբեջանական նավթն արժեզրկվում է, այլ երկրների` այն ստանալու մեծ ցանկությունից անկախ:

Սասանված դրույթ 9
Ադրբեջանի` այսպես կոչված հավասարակշռված արտաքին քաղաքականությունը նրա առաջնորդներին տալիս է ազատ գործելու բավարար հնարավորություն:

Միջազգային հարաբերությունների շատ մասնագետներ տպավորված էին Ադրբեջանի «հավասակշռված արտաքին քաղաքականությամբ» և միայն մեկի կողմը պահելու փոխարեն` բոլոր կողմերի հետ կապեր պահպանելու նրա ջանքերով: Ոմանք կարող են ասել, թե վրաստանյան իրադարձությունները ցույց են տալիս այս մոտեցման առավելությունները. սակայն սա ճշմարիտ կլիներ, եթե չլիներ մի հանգամանք: Հավասարակշռված մոտեցումը ենթադրում է, որ երկու կողմերը գոնե մոտավորապես հավասարազոր են, սակայն Ռուսաստանի գործողությունները Վրաստանում ցույց են տալիս, որ տեսանելի ապագայում դա միանգամայն այդպես չի լինելու:

Սասանված դրույթ 10
Միջազգային մթնոլորտը բավականաչափ բարենպաստ է. այնպես որ Ադրբեջանը կարող է և պետք է կենտրոնանա բացառապես իր ներքին խնդիրների վրա:

Եթե Ադրբեջան այցելող Արևմուտքի պաշտոնյաների մեկնաբանություններում եղել է մի կրկներգ, ապա դա այն մասին էր, որ Ադրբեջանը չպետք է այդքան մտահոգվի պետության կենսունակության պահպանմամբ, փոխարենը` պետք է ուշադրություն դարձնի պետությունը բարեփոխելու և երկրի ժողովրդավարացման որակը բարելավելու վրա: Կասկածից վեր է, որ Ադրբեջանը պետք է կենտրոնանա երկրի ներքին խնդիրների վրա, սակայն Արևմուտքի պաշտոնյաները տրամագծորեն հակառակ պատճառով են այդպիսի խորհուրդ տալիս: Ադրբեջանին շրջապատող միջավայրը վտանգավոր է և գնալով ավելի վտանգավոր է դառնում, հետևաբար նա պետք է այնպես գործի, որ կարողանա գոյատևել որպես շատ թե քիչ անկախ երկիր, որն ունի երկարաժամկետ գոյատևման հնարավորություն: Մտայնությունը, թե Ադրբեջանը կարող է հույս դնել բարենպաստ միջավայրի առկայության վրա, երբեք անվերապահորեն ճիշտ չի եղել. այս դրույթը, վերը նշված բոլոր դրույթների հետ միասին, այժմ սասանված է:

Շատերին այս պատկերը կարող է չափազանց տխուր թվալ. բայց այս դեպքում, երբ Ռուսաստանը խախտում է խաղի կանոնները, երբ Արևմուտքն ի վիճակի չէ ուղիներ գտնել` զսպելու Մոսկվային, երբ ավելանում են կոչերն առ այն, որ «նոր սառը պատերազմիցե խուսափելու համար պետք է ավելի մեղմ մոտենալ Ռուսաստանի գործողություններին և պետք է առավելագույն օգուտները քաղել Արևմուտք-Արևելք համագործակցությունից, Ադրբեջանը, նրա առաջնորդներն ու ժողովուրդն իրենք իրենց լավություն արած չեն լինի, եթե չվերանայեն իրենց մոտեցումները, քանի որ միջավայրը, որում նրանք պիտի գործեն, շատ տարբեր է այն միջավայրից, որն, ըստ իրենց, վստահելի էր:

artmamul.ararat-center.org
Категория: Обзор СМИ | Просмотров: 893
Календарь новостей
«  Сентябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru