Главная » 2008»Сентябрь»27 » Հայաստանի դիվանագիտության դարպասին թուրքական գոլերի թիվը կարող է աճել
Հայաստանի դիվանագիտության դարպասին թուրքական գոլերի թիվը կարող է աճել
00:18
Analitika.at.ua. «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի կարծիքով` Թուրքիա-Հայաստան երկխոսության այս առաջին փուլն անցավ անհավասարության եւ թուրքական կողմի խոշոր առավելության պայմաններում: Հայաստանի դիվանագիտության դարպասին թուրքական գոլերի թիվը կարող է աճել, եւ առաջիկայում, նրա խոսքով, գուցե խոսենք ոչ թե ֆուտբոլային, այլ հոկեյի հաշվի մասին: Արմեն Այվազյանի հետ հարցազրույցում փորձեցինք ստանալ հայ-թուրքական հիմնահարցի վերաբերյալ այսօր հասարակության մեջ առկա մի շարք հարցադրումների պատասխաններ:
- Մոտ մեկ ամիս է անցել Թուրքիայի նախագահի այցից, հայտնի ֆուտբոլային խաղից, սակայն այդ ընթացքում ու նաեւ այսօր մենք անընդհատ բախվում ենք թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենայի կողմից Հայաստանի շահերից չբխող տեղեկատվության հեղեղի: Ձեր կարծիքով` սա մեր դիվանագիտության թուլությա՞ն արդյունք է, թե՞ այդ միասնական քարոզչական մեքենան է շատ հզոր: - Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ միասին են հանդես գալիս նման հարցերում: 1991 թվականից ի վեր Թուրքիան ղեկավար դեր է ստանձնել Հայաստանի եւ հայության դեմ վարվող քաղաքականության մշակման ու գործարկման հարցերում: Մեզ մոտ սա չի ընկալվում, եւ այդ սխալը բազմիցս կրկնվում է շատ շատերի կողմից` թե, իբր, Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կախյալ, նույնիսկ պատանդի կարգավիճակում է Ադրբեջանի շահերի ձեռքին: Նման բան չկա: Ե՛վ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը իրենց օրակարգում ունեն Հայաստանը ոչնչացնելու ծրագիր: Այս նպատակը մեր իշխանությունները դեռ 1991 թվականից անտեսում են, չեն ուզում տեսնել, գնահատական չեն տալիս: Իսկ եթե գնահատական չեն տալիս, մեր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ ստանում է իռացիոնալ, ոչ նորմալ բնույթ` արդյունքում արձանագրելով բազմաթիվ կոպիտ սխալներ: Մեկ փաստ միայն` Հայաստանը համաձայնում է Թուրքիայի առաջարկությանը` աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին հարաբերությունները կարգավորելու գործում: Եվ դրանից հետո երկրի նախագահն ասում է, թե աննորմալ են այն մարդիկ, ովքեր չեն ուզում նման աջակցություն ստանալ: Եկեք վերլուծենք: Այսպիսով, կա երկու դաշնակից պետություն, որոնք վարում են Հայաստանը տնտեսապես, քարոզչական, դիվանագիտական, ռազմական ճանապարհով խեղդելու քաղաքականություն, եւ նման պայմաններում այդ խեղդողներից մեկն ասում է` եկե՛ք ես ձեզ օգնեմ, որ երկուսով իրար հետ լավ լինեք: Իսկ Հայաստանը շնորհակալություն է հայտնում, ասում` շարունակիր ինձ խեղդել, ես դա չեմ տեսնում: Եվ համաձայնում է եռակողմ հանդիպման, որտեղ Թուրքիան ստանում է «աջակցողի» դերակատարություն: (Ասում են` միջնորդ չէ, աջակցող է: Թե դրանց տարբերությունը ո՞րն է` դժվար է ասել:) Ահա Հայաստանի արտաքին «նորմալ» քաղաքականության մի փայլուն դրսեւորում, որը որեւէ քննադատության չի դիմանում: Իշխանությունը, «աննորմալ» անվանելով փորձագիտական տեսակետները, դրանով իսկ փորձում է բանավեճը տրամաբանության դաշտից դուրս մղել, իր վարչական հեղինակության ուժով ճզմել լուրջ քննարկումները` դրանք փոխարինելով արեւմտյան կլիշեներ պարունակող արտահայտություններով` «ֆուտբոլային դիվանագիտություն», «հայ-թուրքական հարաբերությունների բարելավում», «ձնհալ» եւ այլն: Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերություններ չկան, կա հայ-թուրքական հակամարտություն: Թուրքիայի քաղաքականությանը պարզապես գնահատականներ չեն տրվում, կամ տրվում են խորապես սխալ գնահատականներ: Տեսեք, օրինակ, թե սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ում ելույթ ունենալիս Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ինչպես է գնահատում հրեաների Հոլոքոստի նկատմամբ Իրանի նախագահ Ահմադինեժադի` մեկ-երկու անգամ արտահայտած կասկածն ու կեսբերան ժխտումը. «Հոլոքոստի նրանց զազրելի ժխտումը անհերքելի փաստերի ծաղր է, այդ աղետի վերապրողներին հասցվող ցինիկ վիրավորանք»: Պերեսն այլ սուր եւ վիրավորական գնահատականներ էլ է տալիս Իրանի քաղաքականությանն ու նրա ղեկավարությանը, որին արդարացիորեն համարում է թշնամի: Մինչդեռ մեր ղեկավարությունը թշնամի Թուրքիայի հակահայկական ողջ քաղաքականությանը, որն սպառնում է Հայաստանի ու հայ ժողովրդի բուն գոյությանը, բարեկամաբար է մոտենում, Հայոց Ցեղասպանությունը ժխտող Աբդուլահ Գյուլին հրավիրում է Հայաստան եւ հորդորում մեր ժողովրդին հարգել թշնամու դրոշն ու օրհներգը: Արդեն միայն ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների օգտագործվող բառապաշարը պարզորոշ ցույց է տալիս, որ Հայաստանի` Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը որդեգրել է ճիշտ ու ճիշտ ամերիկյան պետդեպարտամենտի դիրքորոշումները, որոնք բոլորովին չեն արտահայտում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահը: Այլ կերպ ասած` Հայաստանի արտաքին քաղաքականությունը Թուրքիան դիտում է վաշինգտոնյան ակնոցով:
- Ձեր մատնանշած ոչ նորմալ քաղաքականության արդյունքներից մեկն էլ Հայաստանում անընդհատ թմբկահարվող այն միտքն է, թե պետք է բացել հայ-թուրքական սահմանը, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն է փակել այդ սահմանը: - Իհարկե, նման տպավորություն կստեղծվի, քանի որ հայ-թուրքական հակամարտության բավական բարդ ծալքերի լուսաբանում ժողովրդի մեջ բացարձակապես չի կատարվում: Ընդհակառակը` քարոզչական աշխատանք տարվեց ժողովրդի հետ` թուրքասիրական մոտիվներով, խեղաթյուրվեցին մեր մի շարք խորհրդանիշներ` զինանշանի վրայից Մասիսների վերացումը, ֆուտբոլի խաղի ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսերի մարումը, ու նաեւ անհասկանալի կոչը` ոտքի կանգնել Թուրքիայի հիմնի հնչեցման ժամանակ: Իսկ ո՞վ է ասել, որ պետք է կանգնել, եւ ինչո՞ւ հայը պետք է հարգի օրհներգը մի պետության, որի քաղաքականությունն իր նկատմամբ թշնամական, հարձակողական ու վիրավորական է` Ցեղասպանության ժխտում, շրջափակում, Ադրբեջանի` պատերազմը վերսկսելու նախապատրաստությունների խրախուսում եւ աջակցություն, միջազգային ասպարեզում հայության արժանապատվության ոտնահարում, հայոց պատմության եւ մշակույթի զեղծում ու վատաբանում եւ այլն: Մինչեւ այսօր հրեաները չեն գնում գերմանական արտադրության ապրանքներ, օրինակ` հրեաները «Մերսեդես» չեն վարում: Հիշում են, թե ինչ է արել Գերմանիան, թեեւ այդ երկիրը ճանաչել է իր մեղքը, միլիարդավոր դոլարներ է փոխհատուցել, ու դրա շնորհիվ նաեւ կարողացել են Իսրայելի տնտեսությունը զարգացնել, սակայն այդ ամենով հանդերձ` ազգային արժանապատվությունն ամեն ինչից վեր են համարում: Որովհետեւ հրեաները հասկանում են, որ ազգային արժանապատվությունը պետականաստեղծ կարեւորագույն գործոն է: Զիջելով այն` զիջում ես ինքնությունդ, թուլացնում ես դիմադրողականությունդ ու ռազմավարական հիշողությունդ, չես կարողանում կողմնորոշվել ներկա իրավիճակի մեջ, թույլ ես տալիս պարզունակ սխալներ եւ պատժվում ես նոր կոտորածներով: Ցավոք, մեր ժողովրդի հետ այս շղթան կրկնվել է: Բայց այժմ, երբ ունենք պետականություն, նույն սխալի կրկնությունն ուղղակի անընդունելի է:
- Այդ դեպքում, ի՞նչ շահեցին այն մարդիկ, ովքեր նման քարոզչական ճնշում իրականացրին, եւ ի՞նչ շահեց Թուրքիան: - Մարդիկ չշահեցին: Այստեղ պետության խնդիրն է: Հայաստանը որեւէ բան չշահեց` բացառությամբ եվրոպացի եւ ամերիկացի մի քանի դիվանագետներից գովաբանական երկու խոսք լսելուց: Փոխարենը` Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հայտնվել է տորպեդահարման վտանգի առաջ: Հայաստանի նախագահի հայտնած համաձայնությունը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին արդեն իսկ հարված է ոչ միայն ճանաչման գործընթացին, այլեւ կասկածներ կարող է առաջացնել երրորդ կողմերի մոտ այդ ոճրագործության հավաստիության վերաբերյալ: Թուրքիայի արտգործնախարարն արդեն իսկ բացահայտ հայտարարում է, որ երրորդ երկրներն այլեւս իրավասու չեն քննարկելու այդ հարցը, որովետեւ Հայաստանն ու Թուրքիան լեզու են գտել: Էրդողանի կուսակցական գծով տեղակալ Էգեմեն Բագիսն էլ հայտարարեց, որ Թուրքիան երբեք չի ընդունի հայերի պնդումները, որ իրենք արդեն ուսումնասիրել են միլիոնից ավելի փաստաթղթեր, ու դրանք իբր, ցույց են տալիս, որ նման բան չի եղել, եւ, ընդհանրապես, կարող է պարզվել, որ հայերն են կոտորել թուրքերին: Նման հայտարարություն Էրդողանի տեղակալն արել է սեպտեմբերի 10-13-ը լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի տնտեսական ֆորումի ժամանակ: Այս նոր իրավիճակն արդեն սկսում է շահույթ բերել Թուրքիային: Կարճ ասած` Հայաստանը ոչինչ չի շահել:
- Այսօր շրջանառվում է նաեւ մեկ այլ տեսակետ, թե սահմանի բացումով Հայաստանը կարող է էլ ավելի շահել: Կիսո՞ւմ եք նման մոտեցումը, եւ որքանո՞վ է հիմնավորված այդ տեսակետը: - Հայ-թուրքական հակամարտությունն ունի բազմաթիվ այլ շերտեր, որոնց անտեսումը կարող է ավելի վատ հետեւանքներ ունենալ: Եթե անգամ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, եւ վերացվի թուրքական շրջափակումը, խնդիրը լուծում չի ստանալու: Թուրքիան շարունակելու է իր թշնամական քաղաքականությունն այլ միջոցներով` տնտեսական, քարոզչական եւ մշակութային ներխուժմամբ, ժողովրդագրական շարժեր առաջացնելու նոր հնարավորություններով եւ այլ միջոցներով: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա սահմանի բացման դեպքում տուժելու է տեղի արտադրողը, քանի որ ներմուծվող ապրանքներն ավելի էժան կլինեն, եւ երկրորդը` այդ ճանապարհի բացումը Թուրքիայի ձեռքին զենք է դառնալու` Հայաստանի նկատմամբ տարբեր ճնշումներ գործադրելու համար: Ի դեպ, թուրքերի կողմից Հայաստանին ներկայացվող երեք նախապայմանները դեռ սկզբնական նախապայմաններ են, վերջին մեկ ու կես տասնամյակում հնչեցվել են զանազան այլ նախապայմաններ եւս, այդ թվում` Մեղրիի միջանցքը հայկական վերահսկողությունից հանելու, Հայաստանում իբր տեղակայված Քրդստանի բանվորական կուսակցության բազաների վերացման եւ այլ հարցերով: Սա հայտնի եւ գրագետ քաղաքականություն է, եւ ոչ միայն թուրքական քաղաքականություն: Այսօր հաճախ ասում են` դե, մենք թույլ ենք, ինչ կարող ենք անել: Բայց եթե զիջումներն արվում են կյանքին սպառնացող հարցերում, ապա դրանով ընդամենը հեշտացվում է քո ոչնչացումը: Եթե կյանքին է վտանգ սպառնում, եւ մեծ տիրություններն ասում են, որ պետք է զիջումներ անես, չպետք է անես, որովհետեւ դիմադրության քո շանսերը նվազեցնում ես` չստանալով անվտանգության որեւէ լուրջ երաշխիք: Իսկ մենք արդեն սկսել ենք զիջումներ անել:
- Պարո՛ն Այվազյան, վերջերս ընդունվեց մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարությունը: Դա ծառայո՞ւմ է արտաքին քաղաքականությանը, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների հստակեցմանը: - Այդ փաստաթղթում հայ-թուրքական հակամարտությունը բնորոշված չէ, սահմանումները լղոզված են, Հայկական հարցն է անտեսված իր խորքային, հիմնական բաղադրիչով` հողային հարցով: Մինչեւ Թուրքիայի առջեւ բացվելը` Հայաստանը պետք է Թուրքիայից ստանա որոշակի երաշխիքներ: Խնդիրը ոչ թե շրջափակման վերացումն է, այլ Թուրքիայի` Հայաստանի եւ հայության դեմ թշնամական քաղաքականության դադարեցումը: Իսկ այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես մենք վստահության հարց չունենք, մենք թուրքերին հավատում ենք եւ ուզում ենք ամեն ինչ սկսել «մաքուր թղթից»: Բայց ո՞վ ասաց, որ թուրքերը սահմանը բացելուց հետո իրենց թշնամական քաղաքականությունը փոխելու են: Չեն փոխելու, սկսվելու է գաղափարական, տնտեսական, մշակութային ներխուժումը: Վստահության մեխանիզմների կառուցման խնդիր մե՛նք ունենք, ոչ թե թուրքերը: Մենք թուրքերի համար վտանգավոր չենք, իրենք են մեզ համար վտանգավոր: Տնտեսական ու ժողովրդագրական առումով մենք Թուրքիայի մի վիլայեթի չափ ենք ու կարող ենք պարզապես կլանվել, մանավանդ եթե հայ-թուրքական հակամարտությունը չտեսնելու ենք տալիս ու պատրաստվում զիջել մեր արժանապատվությունն ու ինքնությունը: Նախկինում բազմիցս եմ ընդգծել, որ մե՛նք պետք է նախապայմաններ առաջ քաշենք, ոչ թե Թուրքիան: Այդ նախապայմանները հենց վստահության երաշխիքներն են: Անհրաժեշտ է Թուրքիայից պահանջել ապացույցներ, որ նա հրաժարվում է մեր նկատմամբ թշնամական քաղաքականություն վարելուց: Մինչդեռ այսօր Թուրքիայի կողմից աշխարհում տարվող հակահայկական քարոզչությունը պարունակում է գաղափակարական հզոր տարրեր, ինչի մասին Հայաստանում չեն խոսում: Այսօր մեր իշխանություններին թվում է, թե իրենք վարում են գործնապաշտ (պրագմատիկ) քաղաքականություն: Բայց պրագմատիզմը հաշվի է առնում դիմացինի նպատակները, գաղափարախոսությունը, ռազմավարական մտածողությունը: Մեր քաղաքականությունը դրանք հաշվի չի առնում, ո՛չ Թուրքիայի նպատակն է տեսնում, ո՛չ տեսնում է դրա տակ ընկած ռազմավարությունն ու գաղափարախոսությունը:
- Ձեր հրապարակային ելույթներում արտահայտած այս մտահոգությունների վերաբերյալ որեւէ հետաքրքրություն մեր պետական այրերը չե՞ն ցուցաբերում, որեւէ զանգ չի՞ եղել, թե` եկեք քննարկենք այդ խնդիրները: - Սա շատ կարեւոր հարց է: Հայաստանի արտաքին քաղաքականությունը` սկսած 1991 թվականից, օտար, հատկապես ամերիկյան եւ եվրոպական ռազմավարական մտքի խոր եւ ապակողմնորոշիչ ազդեցության տակ է: Անվտանգության հարցերում սեփական, ազգային մտքի հետ շփումներ գործնականում չկան, այն արհամարհված եւ անտեսված է: Այսօր քաղում ենք այդ ազդեցության դառը պտուղները: ՀՀ արտաքին քաղաքականությունն այնքան է հեռացել ազգային հիմքերից, մասնավորապես` Հայկական հարցի հողային բնության ընկալումից, որ կորցրել է թշնամուն ու նրա քաղաքական նպատակները տեսնելու կարողությունն անգամ, ինչը Հայաստանի համար հղի է ծանրագույն հետեւանքներով:
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.