Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլի տեսություն»-ից:
«Էկոնոմիստ», 25 սեպտեմբերի 2008թ. Աղբյուրը՝ (The Economist) Թուրքիա և Հայաստան Բարեկամներ և հարևաններ Անկարա և Երևան
ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ, ժամանակակից Թուրքիայի հիմնադիր հայրը, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և պատերազմից հետո օսմանյան ուժերի զանգվածային ջարդերից փրկել է հարյուրավոր հայ կանանց ու երեխաների: Լռության մատնված այս պատմությունը, որն, անտարակույս, ներկայիս թուրքերից շատերին կզարմացնի, մեկն է այն բազմաթիվ պատմություններից, որոնք հավաքում է Հայոց Ցեղասպանության թանգարանը Երևանում: Դրանք «շուտով կհրապարակվեն մեր կայքում»,- խոստանում է թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նրա այս ծրագիրը Թուրքիայի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների տեղաշարժի ևս մեկ օրինակ է: Սեպտեմբերի 6-ին նախագահ Աբդուլա Գյուլը դարձավ Հայաստան այցելած առաջին թուրք առաջնորդը. նա Երևան էր ժամանել ֆուտբոլային խաղը դիտելու: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերն ընդունելու պրն Գյուլի որոշումը հույս ներշնչեց, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի և կբացի սահմանը, որ փակել է 1990-ականներին, Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի ժամանակ: Այս շաբաթ երկու երկրների արտգործնախարարները ծրագրված հանդիպում կունենան Նյու-Յորքում: Հայաստանը խոստանում է ճանաչել Թուրքիայի սահմանները և թույլ տալ, որպեսզի պատմաբանների հանձնաժողովն ուսումնասիրի թուրքահայերի (Ottoman Armenians) ճակատագիրը:
Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտությունը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը Կովկասում: Ռուսաստանը Հայաստանի ամենամոտ դաշնակիցն է տարածաշրջանում: Նա երկու ռազմաբազա և շուրջ 2.000 զինվոր ունի Հայաստանում: Պատերազմը Վրաստանում ստիպեց Հայաստանին վերանայել իր դիրքորոշումը, քանի որ իր ապրանքների գրեթե 70%-ը երկիր է մտնում Վրաստանի տարածքով, իսկ Ռուսաստանի ռմբակոծումների հետևանքով փոխադրումները դադարել էին: Համերաշխությունը Թուրքիայի հետ նոր ելք կապահովի Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ: Կարծիք կա, որ դա Ռուսաստանին նույնպես կգոհացնի: «Դա Ռուսաստանին հնարավորություն կընձեռի մեկուսացնել և ավելի մեծ ճնշում գործադրել Վրաստանի վրա»,- ասում է «Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելով` Թուրքիան կամրապնդի իր ազդեցությունը տարածաշրջանում: Սա կարող է նաև օգնել խափանելու 1915թ. հայերի կոտորածը ցեղասպանություն որակող ԱՄՆ կոնգրեսի բանաձևը: Դա կվշտացնի ցեղասպանության ճանաչման համար պայքարող հայկական Սփյուռքին: Ոմանք ասում են, թե սա «թուրքական ծուղակ» է, որի նպատակն է նորովի շարադրել պատմությունը և այդպիսով ազատել Թուրքիային գործած զանցանքից: Թուրքիայում «բազեներն» հիրավի ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի ցեղասպանության մասին բոլոր տեսակի քննարկումներից:
Հավակնությունները նույնիսկ ավելի մեծ են. «բազեները» ցանկանում են Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը նորից պայմանավորել Լեռնային Ղարաբաղի խնդրում առաջընթացի գրանցմամբ: Սակայն թվում է` գոնե պրն Գյուլը լի է բռնած ուղին շարունակելու վճռականությամբ: «Եթե թույլ տանք, որ խափանվի այն դինամիկան, որ սկսվել է Երևանում կայացած խաղով, ապա ստիպված կլինենք ևս 15-20 տարի սպասել նման հնարավորության»,- ասել է նա:
|