Среда, 04.12.2024, 01:25
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Октябрь » 1 » Հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, կա հայ-թուրքական հակամարտություն
Հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, կա հայ-թուրքական հակամարտություն
08:46

Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կայքից:


17 տարի առաջ Հայաստանը անկախ պետություն հռչակվեց։ Արդյո՞ք այս ընթացքում ինչ-որ բան փոխվել է մեր քաղաքացիների, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին ու այլ՝ ամենեւին էլ ոչ պարզ արտաքին քաղաքական ասպեկտներին հետեւող քաղաքական էլիտայի գիտակցության մեջ։ Քաղաքագիտության դոկտոր, ռազմավարական հետազոտությունների «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը գտնում է, որ այս ընթացքում եղել են եւ նվաճումներ, եւ կորուստներ, սակայն «բանն այն է, որ կենսագործունեության որոշ բնագավառներում մեր կորուստներն այնքան լուրջ են, որ դրանք սպառնալիքի տակ են դնում մեր նվաճումները»։

-Եվ խոսքը ոչ միայն Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին է, որը կորցրել է շուրջ միլիոն բնակիչ, որոնց թվում կային գիտության, կրթության ու մշակույթի տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներ, այլեւ մեր բնակչության բարոյահոգեբանական վիճակի մասին է, որն անհամեմատ առողջ ու կայուն էր 1980-ական-1990-ական թթ. սկզբին։ Սոցիալիզմից կապիտալիզմի անցման այս բոլոր պերտուրբացիաները խորապես փոխել ու խեղաթյուրել են մեր աշխարհընկալումը։ Եվ առանձնապես ազդել է դա կրթության վրա։

-Բայց կրթության հարցը միշտ էլ մեզանում անհրաժեշտ մակարդակի վրա է գտնվել։ Ժամանակի ընթացքում, հուսանք, փորձ ձեռք կբերենք, ոգով կամրանանք…

-Չեմ կարծում, որ կրթության հարցն ինքն իրեն կլուծվի։ Առայսօր չունենք անգամ ազգային դպրոց, որը երիտասարդությանը կդաստիարակեր հայրենասիրության ու քաղաքացիական պատասխանատվության զգացման ոգով։

-Բայց փոխարենն ունենք կադրեր, որոնք կկարողանային լուծել այս խնդիրը։

-Այո, կադրեր իրոք կան, բայց նրանք այսօր գործի գլխին չեն։ Ես դասավանդում եմ ուսանողությանը եւ ցավով պիտի հավաստեմ, որ նույնիսկ այնպիսի հիմնավոր թեմաների վերաբերյալ, ինչպիսին է Ղարաբաղյան կամ հայ-թուրքական կոնֆլիկտը, ուսանողը գրեթե ասելու բան չունի, նա այսօր ի վիճակի չէ պարզագույն վերլուծություն անելու գեոստրատեգիական իրավիճակի եւ երկրի քաղաքական կյանքի ներկա իրողությունների մասին։ Գիտելիքների անհրաժեշտ մակարդակ չկա նաեւ մեր պետական ինստիտուտներում։ Եվ թեեւ այս փաստն ընդունում են անգամ ամենաբարձր մակարդակով, սակայն համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում։ Քննադատելը քննադատում են, բայց դրանից այն կողմ քայլ չի արվում։

-Ի՞նչը կանվանեիք անցած ժամանակահատվածում ամենամեծ նվաճումը։

-Առաջին եւ ամենագլխավոր նվաճումն այն է, որ Հայաստանը կարողացավ ապահովել իր ռազմական անվտանգությունը տարածքային որոշ ձեռքբերումների ուղիով. այսօր մենք ունենք Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ ազատագրված տարածքով, շուրջ 40 հազար քառ կմ։ Սա ամենագլխավորն է, ինչ ունենք, եւ եթե կորցնենք թեկուզ ինչ-որ մի մաս, կհայտնվենք Հայաստանը կորցնելու վտանգի առջեւ։

-Այնքա՜ն է խոսվել պատմության դասերի մասին…

-Ի՜նչ դասեր, ի՜նչ պատմություն։ Մենք հաշվի չենք առնում մեր այսօրվա՛ վրիպումները։ Օրինակ՝ մեկ անգամ չէ, որ խոսվել է ադրբեջանական ու թուրքական պրոպագանդայի մասին, որի համեմատությամբ հայկականը թույլ ու ծույլ է։ Այս մասին խոսվել է տարբեր մակարդակներով տարբեր տարիների եւ արտգործնախարարությունում, եւ վարչապետի ու ներկայիս նախագահի կողմից, բայց, այդուհանդերձ, ոչ մի քայլ չի ձեռնարկվել։

-Ուզում եք ասել, որ այս ամենն ավելի շատ տեղեկատվական պատերա՞զմ է հիշեցնում։

-Սա ոչ թե պարզապես տեղեկատվական պատերազմի պահ է։ Ուզում եմ ուշադրություն դարձնել ահա թե ինչին. պետական ինստիտուտներից շատերը վաղուց արդեն չեն աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատեն։ Սա վերաբերում է թե արտգործնախարարությանը, որին ոչ մի կերպ չի հաջողվում ազատվել իր հին խնդիրներից, եւ թե պետական այլ հիմնարկներին։ Եվ սրա պատճառը միասնական ու թափանցիկ կադրային քաղաքականության բացակայությունն է։ Մեր պետական կադրային քաղաքականությունն առաջնորդվում է ինչ-որ իր օրենքներով, իր իսկ ընտրած՝ ամենեւին էլ ոչ արդարացված եւ ոչ գործուն մեթոդաբանությամբ…

-Պատճա՞ռը…

-Պատճառը մեր քաղաքական էլիտան է, որը հայ ժողովրդի իսկական էլիտայից շա՜տ հեռու է։ Նրան անհայտ է իսկական էլիտայի արժեքների համակարգը, այն է՝ տեղյակ չէ հայ ժողովրդի ճշմարիտ հետաքրքրություններից ու նպատակներից։ Երկրորդ պատճառը մեր քաղաքական էլիտայի մտավոր անպատրաստվածությունն է, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգության հարցերին։ Սա եւ տեղեկատվական քաղաքականությունն է, եւ արտաքին քաղաքականությունը, եւ ներքին քաղաքականության որոշ ասպեկտներ, ներառյալ կրթությունը։ Երրորդ պատճառը կախվածությունն է, այդ թվում եւ ինտելեկտուալ, արտաքին ուժային կենտրոններից։ Ահա թե ինչու ենք դոփում նույն տեղում, այդ պատճառով էլ 17-ամյա այս ժամանակահատվածում առաջընթաց չի նկատվում։

-Ըստ ձեզ, ի՞նչ դասեր կարող ենք քաղել Հարավային Օսիայում կատարված իրադարձություններից։

-Ակնհայտ է դարձել, որ այն երաշխիքները, որոնք մեզ երբեմն տալիս են մեծ տերությունները անվտանգության վերաբերյալ, իբր ապրում ենք 21-րդ դարում եւ, հետեւապես, չարժե վախենալ ագրեսիայից, ցեղասպանությունն ու էթնիկ զտումներն այլեւս անհնար են, միշտ չէ, որ իրականացվում են։ Մենք համոզվեցինք հակառակում, հասկացանք այս կանխադրույթների՝ դատարկ խոսակցությունների արժեքը։ Ճշմարիտ է միայն մեկ բան. պետք է հույսդ դնես միայն քեզ վրա։ Քանիցս հայ քաղաքական մեկնաբանները վրդովված զարմացել են, մասնավորապես, տարածքային կայունության խաբուսիկ բնույթի մասին իմ նախազգուշացումների առիթով. իբր մեծ տերություններից ոչ մեկը, «Բրիթիշ փեթրոլիումը» կամ չգիտեմ թե ով ադրբեջանական նոր ագրեսիա թույլ չի տա։ Բայց տեսանք, որ նրանք՝ այդ նույն տերությունները, կարող են ոչ միայն թույլ տալ, այլեւ իրենք կարող են հրահրել։ Հուսամ՝ օգոստոսյան պատերազմը սթափեցրեց շատերին։

-Մեկ անգամ չէ, որ ասել եք, թե Հայաստանում ներքին կայունությունը դատապարտված է խախտվելու, ինչպես նաեւ կփլուզվի արտաքին՝ տարածաշրջանային կայունությունը։ Արդյունքում տեղի ունեցավ եւ առաջինը, եւ երկրորդը՝ մարտի 1-ի իրադարձությունները եւ օգոստոսին վրաց-ռուսական պատերազմը։

-Այո, եւ սա վերստին ապացուցեց, թե որքան փխրուն է խաղաղությունը մեր տարածաշրջանում։ Եվ կարծում եմ, որ նման պրոցեսները դարձյալ կկրկնվեն, քանի որ, ըստ էության, Հայաստանում լուծված չեն այն խնդիրները, որոնց պատճառով տեղի ունեցան մարտյան իրադարձությունները։ Խոստումներ շատ եղան, բայց արդյունքներ դեռեւս չկան։ Ցույցերը թեեւ քչացել են, բայց դա ցուցիչ չէ… Բայց ես կուզենայի ուշադրություն հրավիրել արմատական հարցի վրա, որի վրա մեր քաղաքական ղեկավարությունը (իմիջիայլոց, ընդդիմությունը եւս) աչք է փակում։ Դա Հայկական հարցն է կամ Հայաստանի անվտանգության հարցը։ Հայաստանի հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամական քաղաքականության գլխավոր նպատակը մեր երկրի ոչնչացումն է։ Բայց այս հարցը, չգիտես ինչու, անտեսվում է մեր քաղաքական ղեկավարության եւ մեր «անզիջում ընդդիմության» կողմից։ Նրանք չեն կամենում տեսնել Հայկական հարցի տարածքային բնույթը, շարունակում են նույն մեթոդներով ղեկավարել երկիրը կամ ներկա իշխանությունները տապալելու կոչ են անում։ Մենք ժամանակ ենք կորցնում։ Համարժեք միջոցներ, հնարավոր է, ձեռնարկվեն, երբ մեզանում վերջապես գիտակցեն, թե որքան լուրջ է Հայաստանի դրությունը ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ռազմավարական առումով։ Իսկ մինչ այդ մենք ականատես կլինենք անբացատրելի կադրային նշանակումների, վերադասավորումների ու արտաքին քաղաքական նախաձեռնությունների, որոնք, վնասից բացի, Հայաստանին որեւէ լավ բան չեն խոստանում։ Նկատի ունեմ լավատեսական հալյուցինացիաների վերջին նոպան հայ-թուրքական հարաբերությունների արագ բարելավման կամ Ղարաբաղյան կոնֆլիկտի արագ լուծման վերաբերյալ։ Անհրաժեշտ է հիշել, որ մենք դեռեւս տեւական կոնֆլիկտի մեջ ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Այսօր ամենուր խոսում են «հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման» մասին։ Հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, կա հայ-թուրքական հակամարտություն։

-Բայց չէ՞ որ մեզ պետք են այդ հարաբերությունները…

-Այո, բայց ի՞նչ պայմաններով եւ ի՞նչ գնով։ Մեր ղեկավարության կողմից որեւէ լուրջ վերլուծական բացատրություն չենք լսում, թե ինչի կարող է հանգեցնել այդպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունը։ Իսկ դա արդեն բացասական լուրջ հետեւանքների է հասցրել առանց Հայաստանի համար դրական որեւէ արդյունքի։ Իսկ Թուրքիան արդեն միջազգային կոնֆերանսներում պետական մակարդակով հայտարարում է այն մասին, թե Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելը եւ, առավել եւս, այդ Ցեղասպանությունը աշխարհի այս կամ այն պետության կողմից ճանաչելը անբարո է, քանի որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ արդեն պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել… Կամ թե Արարատ լեռան խորհրդանիշի անհետացումը մեր ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանշանից։ Ազգային սիմվոլիկային հասցված վիրավորանքը ապտակ է ազգային արժանապատվությանը, առանց որի անհնար է ազգային պետության կառուցումը։

ԿԱՐԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


ararat-center.org


Категория: Обзор СМИ | Просмотров: 983
Календарь новостей
«  Октябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru