|
Главная » 2008 » Октябрь » 15 » Ո՛չ իմ անունից
Ո՛չ իմ անունից |
00:05 |
Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլի տեսություն»-ից: «Արմենիան Ուիքլի», հատոր 74, թիվ 39, 4 հոկտեմբերի 2008թ. Աղբյուրը՝ (The Armenian Weekly) Կարեն Եգբարյան (Garen Yegparian)
Աղմուկի, ցույցերի, վերլուծությունների տարափի ու առավել ևս` գաղտնիության քողի տակ են հայտնվել Հայաստան-Թուրքիա (ուշադրություն դարձրեք, չեմ գրում` հայ-թուրքԱԿԱՆ) հարաբերություններն այն ժամանակից ի վեր, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստան այցելելու հրավերը:
Անտարակույս, Թուրքիայի և Հայաստանի միջև պետք է հարաբերություններ հաստատվեն: Դրանց բնույթն ու մակարդակը կսահմանվեն ԵՐԿԱՐԱՏԵՎ բանակցություններից հետո, գոնե այդպես էի կարծում ես մինչև վերջերս:
Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցեղասպանություն գործած պետության և այդ պետության իրականացրած ոճրագործության զոհերի զավակների մի մասի համար տուն-հանգրվան հանդիսացող պետության միջև ընթացող բանակցությունների բովանդակությունը գաղտնիությամբ է սքողված, ակամայից հարց է ծագում` ինչու՞ ոչ բացեիբաց: Ի՞նչ են թաքցնում: Ի՞նչ են զիջում:
Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, ժառանգել է վերջինիս դիվանագիտական փորձառության ողջ պահոցը, խորամանկությունն ու տաղանդը: Միջազգային քաղաքականության խառնաշփոթի ու վայրիվերումների հետ առնչվելու ևս ինը տասնամյակներն է՛լ ավելի են հարստացրել Թուրքիայի դիվանագիտության զինանոցը: Չմոռանանք, որ այս դիվանագիտական կառույցը միմյանց դեմ հանեց կայսերական Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանն ու նրանց հասնել հավակնողներին: Այնուհետև, նա «նավարկեց» ԱՄՆ-ԽՍՀՄ սառը պատերազմի նեղուցներում: Եթե այս մարդիկ այժմ Հայաստանի հետ բանակցություններ են վարում, ապա նրանց խոշոր հաղթանակ է սպասվում: Ցավոք, մեր կողմը դեռևս չի հասել դիվանագիտական դիվայնության ու հնարամտության նման մակարդակի, այն պարզ պատճառով, որ ասպարեզից դուրս ենք եղել բավականին երկար ժամանակ:
Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի վեհաժողովում արտասանած իր ճառում Սարգսյանը գրեթե չհիշատակեց այս հիրավի պատմական բանակցությունների ու ցեղասպանության, նաև` փոխհատուցումների ու հողերի մասին, որ Թուրքիան պարտք է մեզ: Այո, նա մի փոքր ավելի երկար արծարծեց ցեղասպանության հարցը Նյու Յորքում իր պատվին կազմակերպված ընթրիքին արտասանած իր ելույթում: Սակայն այս ամենում ծեծված մտքերից ավելին ոչինչ չկար:
Մինչդեռ, ցեղասպանության «հարցին» անդրադառնալու նպատակով «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու անպտուղ ձեռնարկումը դեռևս սեղանին է: Եթե այս բանակցություններից Թուրքիան դուրս գա նշված մարմնի ստեղծման մասին համաձայնությամբ, ապա նա ԽՈՇՈՐ հաղթանակ տարած կլինի: Սփյուռքի հիսուն տարվա ջանքերն` ուղղված Ցեղասպանության ճանաչմանը, գրեթե ի չիք կդառնան: Եթե Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ մեկն այդ հարցով դիմի որևէ իրավական, միջազգային, օրենսդրական մարմնի կամ որևէ առաջնորդի, ի պատասխան կլսի. «Չէ՞ որ Հայաստանն ու Թուրքիան միասին փորձում եմ գլուխ հանել խնդրից: Ես չեմ կարող խառնվել»: Իհարկե մենք կարող ենք տալ տարաբնույթ երկարաշունչ ու առարկայական պատասխաններ: Սակայն սկսելու ենք ծայրաստիճան անբարենպաստ դիրքերից:
Առկա է նաև միջազգային հանրության ճնշումը Սարգսյանի վրա` նախագահի պաշտոնում նրա ընտրվելուց հետո: Այս ամենին ավելացրեք Վրաստանի ֆիասկոն, Ադրբեջանի` սուսեր թափահարելն ու Մերձավոր Արևելքում տիրող ընդհանուր անկայունությունը, և կստանաք անչափ վտանգավոր և սպառնալիքներով հղի իրավիճակ: Հիմա էլ այս իրավիճակը զուգակցեք բանակցությունների գաղտնիության հետ և չեք կարող չհարցնել. «Ի՞նչ է կատարվում»:
Նույնիսկ ռամկավարների հրատարակած մի վերլուծության մեջ մատնանշվում են այս հանգամանքներից մի քանիսը, իսկ այդ կուսակցությունն առանձնապես աչքի չի ընկնում կոշտ դիրքորոշմամբ:
Այսպիսով, եթե փոխհատուցումների և Սևրի պայմանագրի (Վիլսոնյան Հայաստանով հանդերձ) շուրջ քննարկումներ սկսելու փոխարեն, Հայաստանի Հանրապետությունը մտադիր է հրաժարվել ցեղասպանության հարցից՝ Արցախի հարցում զիջումների, սահմանի բացման և երկկողմանի միջպետական այլ խնդիրների դիմաց, ես ասում եմ. «Ո՛չ իմ անունից»: Ես չեմ լիազորել որևէ մեկին, առավել ևս` այն կառավարությանը, որը ներկայացնում է մեր` տուժածներիս (Ցեղասպանությունը վերապրածների և մեր հողերի ու ունեցվածքի ժառանգորդների) հստակ փոքրամասնությունը, խոսելու իմ անունից, էլ չեմ ասում` զիջելու ծնունդով ինձ վերապահված իրավունքը: Եկեք նաև չմոռանանք, որ միայն վերջերս, այն էլ` հսկայական ջանքեր թափելուց և դժվարություններ հաղթահարելուց հետո, մեզ արտոնվեց Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը. մինչդեռ դա պետք է միանգամայն դյուրին ու մատչելի լիներ` մեզ հասանելիքն ու ծնունդով մեզ վերապահված իրավունքի բաղկացուցիչ մասը:
Եկե՛ք բոլորս, հեռախոսով թե գրավոր, դիմենք Հայաստանի Հանրապետության տեղական ներկայացուցիչներին` դեսպանատներին, հյուպատոսություններին, առաքելություններին և այլ պատվիրակությունների: Եկե՛ք պատվիրենք նրանց` տեղի չտալ: Եկեք օգնենք նրանց լինել աներեր: Եկե՛ք պահանջենք մեզ հասանելիքը: Եկե՛ք ասենք. «Մի՛ խառնվեք փոխհատուցման ու մեր հողերի նկատմամբ մեր իրավունքների հարցերին, և որ նույնքան կարևոր է՝ մեր արժանապատվությանը, ասել է թե՝ ցեղասպանության ճանաչման հարցին: Մի՛ խառնվեք սփյուռքի գործերին»:
artmamul.ararat-center.org |
Категория: Обзор СМИ | Просмотров: 997 | | |
|
|