Вторник, 10.12.2024, 05:11
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Октябрь » 25 » Մակքեյնի` հայկական խնդիրը
Մակքեյնի` հայկական խնդիրը
00:15
Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլի տեսություն»-ից:

«Ատլանտիկ».
Աղբյուրը` (The Atlantic)
Դանիել Նիշանյան (Daniel Nichanian)

«էթնիկ դժգոհությունների ու լարվածության քաղաքական հորձանուտում հազվադեպ է պատահում, որ նախագահի ընտրության համար պայքարում երկու թեկնածուների միջև հակասությունն այդքան հստակ լինի: Կալիֆոռնիայում, Նյու Ջերսիում, Միչիգանում և Նևադայում այդ հակասությունը կարող է վնասել Մաքքեյնին»:

Ութ տարի առաջ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար Ջորջ Վ. Բուշը պայքարում էր անսպասելիորեն մրցունակ հակառակորդ Ջոն Մաքքեյնի դեմ: Հարավային Կառոլինան, ուր քվեարկությունը նախատեսված էր Միչիգանից ընդամենը մի քանի օր հետո, հանկարծ վճռորոշ նահանգ դարձավ , և նահանգի զգալի թվով ամերիկահայերը դարձան գրավիչ ընտրազանգված:

Ընտրությունից երեք օր առաջ, նահանգապետ Բուշը նամակ հղեց երկու ամերիկահայ գործարարների` անդրադառնալով հայկական համայնքի ամենամեծ պահանջին` 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը որակել ցեղասպանություն: Թուրքիայի կառավարությունը մինչ օրս հերքում է ցեղասպանության փաստը, և Ռոնալդ Ռեյգանից հետո, ոչ մի նախագահ պաշտոնավարման ընթացքում չի օգտագործել այդ եզրը: Բուշը խոստացավ ուղղել դա: «Հայերը ենթարկվել են ցեղասպանական գործողության (genocidal campaign)»,- գրել է նա: «Եթե ընտրվեմ նախագահ, վստահեցնում եմ, որ հոգ կտանեմ, որպեսզի մեր երկիրը պատշաճ կերպով ճանաչի հայ ժողովրդի ողբերգական տառապանքները»: Բուշը պարտվեց Միչիգանում, հաղթեց նախագահական պայքարում…և հետո դրժեց խոստումը:

Անցյալ աշնանը, թվում էր` Ներկայացուցիչների պալատը պիտի ընդուներ Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև: Սակայն, քանի որ Թուրքիան սպառնաց խզել առևտրային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և ներխուժել Իրաք, նախագահ Բուշը զգուշացրեց, որ Ամերիկան չի կարող իրեն թույլ տալ օտարել Թուրքիային և հորդորեց Կոնգրեսին դադարեցնել գործընթացը:

Այսօր Էդգար Հակոբյանը` նամակի երկու հասցեատերերից մեկն, իր հիասթափությունն է հայտնում. «Ես նախագահ Բուշին բազմիցս գրել եմ, սակայն երբեք պատասխան չեմ ստացել»,- փաստում է նա` անդրադառնալով իրադարձությունների այն շրջադարձին, որ Բուշին դարձրեց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացի ամենամեծ խոչընդոտը:

Բուշի վարքն, անշուշտ կհետապնդի Մաքքեյնին 2008 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում, սակայն Արիզոնայի սենատորը ամերիկահայերին իրենից օտարելու հարցում աջակցության կարիք չունի. ցեղասպանության ճանաչման հարցում Մաքքեյնի դիրքորոշումը և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների նկատմամբ նրա հարաբերական անտարբերությունը տարիների պատմություն ունեն և հայտնի էին մինչ Բուշի` ազգային հարթակում հայտնվելը:
Բարակ Օբաման, հակառակը, 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակելում հաստատակամ էր թվում` նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումից շատ ավելի վաղ: Իրականում, էթնիկ դժգոհությունների ու լարվածության քաղաքական հորձանուտում հազվադեպ է պատահում, որ նախագահի ընտրության համար պայքարում երկու թեկնածուների միջև հակասությունն այդքան ակնհայտ լինի: Այն նահանգներում, որտեղ ամերիկահայերը զգալի թիվ են կազմում (ներառյալ Կալիֆոռնիան, Նյու Ջերսին, Միչիգանը և Նևադան), այդ հակասությունը կարող է վնասել Մաքքեյնին:

Պատմականորեն, կուսակցություններից և ոչ մեկը չի վայելել ամերիկահայերի հետևողական աջակցությունը: Իրենց հարցերի հանգուցալուծման ճակատագիրը կուսակցություններից որևէ մեկի հետ կապելու փոխարեն` ազգային մակարդակով լոբբիստական խմբերը` Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբից (ANCA) և Ամերիկայի Հայկական Համագումարից սկսած, որդեգրել են երկկուսակցական ռազմավարություն:

Մասամբ շնորհիվ այս ռազմավարության` ամերիկայի հայ համայնքը դարձել է բարձր արդյունավետություն ունեցող լոբբիստական խումբ: Քորի Վելթը, որ ներկայացնում է Ջորջթաունի համալսարանի` «Եվրասիական ռազմավարական ծրագիրը», Հայաստանին տրամադրվող արտաքին օժանդակության, ինչպես ինքն է ասում` «բացառիկ» ծավալը բացատրում է հայկական լոբբիի հզորությամբ:

ԱՄՆ Կոնգրեսի` Հայկական հարցերով խմբի (Congressional Caucus on Armenian issues) ղեկավարությունը երկկուսակցական է (այն համանախագահում են Նյու Ջերսիից դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնին և Միչիգանից հանրապետական կոնգրեսական Ջոու Նոլենբերգը) և ներկայացված է 150 անդամներից կազմված մեծ խմբով, որում ընդգրկված են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Միչիգանը ներկայացնող 15 կոնգրեսականներից 13-ը, Կալիֆոռնիայի 53 ներկայացուցիչներից` 38-ը և Նյու Ջերսիի 13 ներկայացուցիչներից` 11-ը:

Որպես արդյունք` կուսակցությունների միջև մեծ տարաձայնություններ չեն եղել Ցեղասպանության ճանաչման և Հայաստանին տրամադրվող արտաքին օգնության հարցերում, և նախագահական նախկին ընտրություններում թե՛ աջակողմյան, թե՛ ձախակողմյան թեկնածուները փորձում էին սիրաշահել ամերիկահայերին` վերջիններիս հուզող հարցերում: Ե՛վ Ջորջ Հ. Վ. Բուշը և՛ իր որդին ցեղասպանության մասին խոսել են ընտրություններին նախորդող ժամանակահատվածում և նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը, որից հետո անցնել են մեղմասածությունների: Բոբ Դոուլը ցեղասպանության ճանաչման մեծագույն ջատագովներից էր, ինչպես և Ջոն Քերին, որն առաջ էր քաշում նաև մի շարք այլ խնդիրներ, այդ թվում` հայ-թուրքական սահմանի բացումը:

Միչիգանի համալսարանի «Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի» հիմնադիր տնօրեն Դենիս Փափազյանը պարզաբանում է, որ ամերիկահայ ընտրազանգվածի մեծամասնությունը հաշվի է առնում թեկնածուների դիրքորոշումը հայկական հարցերի նկատմամբ, և ցեղասպանության ճանաչման ջանքերին աջակցելու խոստումը կարող է փոխել նրանց որոշումը, թե ում օգտին քվեարկել: Փափազյանն, օրինակ, նշում է, որ 1996 թվականին հայ համայնքը հզոր աջակցություն է ցուցաբերել Բոբ Դոուլին: Ըստ նրա` 2000 թվականի քարոզարշավի ժամանակ Բուշի նամակը խթանեց իր նկատմամբ ամերիկահայ համայնքի աջակցությունը: «Եթե պայքարում են երկու համեմատաբար չեզոք թեկնածուներ, ամերիկահայ ընտրողները սատարում են այն կուսակցությանը, [որն իրենց ավելի հոգեհարազատ է]: Սակայն, եթե թեկնածուներից մեկը խոստանում է ճանաչել ցեղասպանությունը, ապա նա մեծ թվով ձայներ է ստանում»,- պարզաբանում է Փափազյանը:

Փափազյանն` ինքն այս տրամաբանությամբ է առաջնորդվում: 12 տարի առաջ Բոբ Դոուլի աջակիցը լինելով` այժմ նա սատարում է Բարաք Օբամային` Իլինոյսի սենատորի դիրքորոշումը ցեղասպանության ճանաչման վերաբերյալ վճռորոշ համարելով իր որոշման հարցում: Մեկ այլ ճանաչված ամերիկահայ, որը նույն փուլերն է անցել, Օսկար Թաթոսյանն է` Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Առաջնորդության Խորհրդի նախագահը: Նա նույնպես Դոուլին է սատարել, նա նույնպես իրեն բնորոշում է անկախ և ցեղասպանության ճանաչումը համարում առաջնային խնդիր, և նա նույնպես պաշտպանում է Օբամային: Երկուսն էլ` Փափազյանն ու Թաթոսյանը, լավ կապեր ունեն և մեծապես ներգրավված են հայկական համայնքում և հավաստիացնում են, որ շատերին գիտեն, որ կիսում են իրենց տեսակետը:

Փափազյանի և Թաթոսյանի նման ընտրողները դեմոկրատներին հայկական համայնք «ներխուժելու» հույս են տալիս: Ու թեև սա կարող է ընդամենը միանգամյա գործոնների պատահական զուգադիպության հետևանք լինել (թշնամաբար տրամադրված հանրապետական վարչակազմ, անսովոր խանդավառությամբ` դեմոկրատ թեկնածու և զարմանալիորեն հոռետես հանրապետական թեկնածու), ամերիկահայերի խնդիրներն այս տարի ավելի շատ կուսակցական երանգ ունեն:

Օրինակ, ցեղասպանության հարցը մեկն է այն մի շարք հարցերից, որի համար հայկական համայնքը քննադատության է ենթարկել Բուշի վարչակազմին: Ստեփան Ասթուրյանը, Բերքլիի համալսարանի պատմության դասախոս, նույնպես թվարկում է հետևյալ գործոնները. «Հայաստանին հատկացվող արտաքին օժանդակությունը գրեթե ամեն տարի կրճատելու Բուշի փորձերը, նրա ակնհայտ կողմնորոշումը դեպի նավթային գումարներ և ադրբեջանամետ դիրքորոշումը»: Սա վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար հակամարտությանը:

Կարևոր է նշել, որ վերջին երկու տասնամյակում Մաքքեյնը նախագահի առաջին թեկնածուն է, ով ընդդիմացել է ցեղասպանության ճանաչմանը` կառավարող վարչակազմում դեռևս ոչ մի պաշտոն չզբաղեցնելով: Հակոբյանը` 2000 թվականին Բուշի նամակի հասցեատերերից մեկը, շարունակում է ուժեղ պահպանողական մնալ և սատարում է Մաքքեյնի թեկնածությունը, սակայն իր հիասթափությունն է հայտնում Արիզոնայի սենատորի դիրքորոշման նկատմամբ. «Նա հայկական համայնքին ընկեր չի եղել»,- նշում է նա:

1990 թվականին, Մաքքեյնը դեմ է քվեարկել ցեղասպանության ճանաչման մի բանաձևի, որը պաշտպանում էր այն ժամանակ Սենատի փոքրամասնության ղեկավար Բոբ Դոուլը: 2000 թվականին, Կալիֆոռնիայում հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու քարոզարշավի ընթացքում, Մաքքեյնը հաստատել էր, որ չի պաշտպանելու նման բանաձև: «Դա Թուրքիայի ներկայիս կառավարության օրոք չի եղել»,- հայտարարել էր Մաքքեյնը: «Ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է այս բանաձևը գոնե մի փոքր բարելավել ներկա իրավիճակը»: Սենատորը 2008 թվականին էլ մնաց նույն դիրքորոշմանը և հայտնվեց հայկական խմբերի քննադատության տարափի ներքո: «Կարծում եմ` սենատոր Մաքքեյնի ամենավտանգավոր մոտեցումն այն է, որ նա կրում է «սառը պատերազմի» ժամանակաշրջանի այն հին մտայնությունը, թե Թուրքիան անգին դաշնակից է, որին մենք չենք կարող նեղացնել»,- զգուշացնում է «Հայերն Օբամայի համար» խմբի նախագահ Արեն Իբրանոսյանը, որն ամերիկահայերի շրջանում քարոզում է` հօգուտ Իլինոյիսի սենատորի: (Մաքքեյնի քարոզարշավի գրասենյակը չի պատասխանել հարցազրույց վերցնելու իմ խնդրանքներին):

Ի տարբերություն նրան` Օբաման խոստացել է, որ իր վարչակազմը 1915 թվականի հայերի բնաջնջումը կճանաչի որպես Ցեղասպանություն: Նրա ընտրական շտաբը հարցի վերաբերյալ երկու հայտարարություն է արել, հունվարի 19-ին և ապրիլի 28-ին: «Փաստերն անհերքելի են»,- ասվում է հայտարարություններից մեկում: «Պաշտոնական քաղաքականությունը, որ դիվանագետներին կոչ է անում խեղաթյուրել պատմական փաստերը, անհեռանկարային քաղաքականություն է»: Դենիս Փափազյանը ենթադրում է, որ հայ ընտրողները «կսատարեն Օբամային, քանի որ հավատում են, որ նա կճանաչի ցեղասպանությունը»:

Էդգար Հակոբյանի նման որոշ հանրապետականներ ենթադրում են, որ նախագահ Օբաման, ինչպես նախագահ Բուշը, կդրժի իր խոստումը, սակայն Օբամայի աջակիցները գովաբանում են ամերիկահայերին հուզող խնդիրների նկատմամբ նրա անկեղծ նվիրվածությունն ու ընդգծում այդ հարցերին նրա լավատեղյակությունը: «Նա ավելին գիտի ամերիկահայերի մասին, քան որևէ այլ թեկնածու` երբևէ»,- ասել է Նյու Ջերսիից դեմոկրատ կոնգրեսական Փալոնին, որը համանախագահում է Կոնգրեսի Հայկական հարցերով խումբը: Օբաման խոսել է Հայոց ցեղասպանության մասին մինչև իր ընտրարշավը սկսելը, և շատ ակտիվիստներ դա ընդունում են որպես հաստատում առ այն, որ նրա դիրքորոշումը ավելին է քան ընտրական հնարք: Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը և Արեն Իբրանոսյանը վկայակոչում են 2005 թվականին Կոնգրեսի շրջանակներում Ադրբեջան այցի ժամանակ Օբամայի մամուլի ասուլիսը: Հայաստանի հետ լարված հարաբերություններ ունեցող այդ երկրում ցեղասպանության ճանաչմանն աջակցելու մասին հարցին ի պատասխան, Օբաման չվարանեց կրկնել իր դիրքորոշումը` պահ, որ Իբրանոսյանը բնորոշում է որպես «արտակարգ»: «Նա պատճառ չուներ ռիսկի դիմելու, որպեսզի հետո էլ` պաշտպանվեր»,- նշում է նա:

Օբամայի գրեթե բոլոր աջակիցները նաև մատնացույց են անում նրա հարաբերությունները մի բարձրակարգ խորհրդականի հետ, որը ճակատագրի հեգնանքով այլևս նրա ընտրարշավի թիմի անդամ չէ: Ցեղասպանության կանխարգելման մասին իր աշխատությունում և «Խնդիր դժոխքից» գրքում, Սամանտա Փաուերը ուշադրություն է դարձնում միջազգային համայնքի` ցեղասպանությունները (ինչպիսին օրինակ` 1915 թվականին հայերի բնաջնջումն էր) չճանաչելու սխալին` փաստելով, որ անցյալում եղած աղետների խորը ուսումնասիրությունը կենսական նշանակություն ունի ներկայում ցեղասպանությունները կանխելու հարցում: Փաուերը դուրս եկավ ընտրարշավի թիմից մարտ ամսին` Հիլարի Քլինթոնին «հրեշ» կոչելուց հետո, սակայն հայկական համայնքում շատերը կարծում են, որ նրա մոտեցումներն են ձևավորել արտաքին քաղաքականության մասին Օբամայի տեսակետները:

Օբամայի նախընտրական քարոզարշավի հունվարի 19-ի հայտարարության մեջ, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչումը կապվում է ցեղասպանությունների կանխարգելմանն առնչվող հարցերի առավել լայն շրջանակի հետ: «Ցեղասպանությունը հիշատակելու և այն դադարեցնելու սկզբունքային պարտավորությունը սկսվում է համաշխարհային պատմության մեջ ցեղասպանությունների ողբերգական օրինակների ճանաչումով»,- ասվում է հայտարարության մեջ:

Օբամայի և Մաքքեյնի դիրոքորոշումների տարբերությունն ընդհանրապես ակնհայտ է Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների հարցում: Հունվարի 19-ի իր հայտարարության մեջ Օբաման խոստանում է պահպանել Հայաստանին տրվող արտաքին օգնությունն ու ղարաբաղյան հակամարտության հարցում գնալ այնպիսի լուծման, որը կհարգի «ինքնորոշման սկբունքը»` արտահայտություն, որ մոտ է հայկական կողմի պահանջներին: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբից Էլիզաբեթ Չուլջյանն Օբամայի դիրքորոշումը դրվատելով` այն համարում է «ամենաուժեղը, որ հնչեցվել է որևէ թեկնածուի կողմից վերջին տասը տարիների ընթացքում»: (Ամերիկայի Հայ Դատի hանձնախումբն Օբամային սատարելու որոշման մասին հայտնել է հունվարին, իսկ 2004-ին սատարել է Ջոն Քերիին: Կազմակերպությունը չեզոքություն է պահպանել 2000 թվականի ընտրություններում): Մյուս կողմից, Մաքքեյնը խորը լռություն է պահպանում այս հարցերի շուրջ` մոտեցում, որ նրա քննադատները համարում են անհանգստացնող անտարբերություն:

Օբամային սատարող Կալիֆոռնիայի հայերի խումբը ծրագրում է այդ տարբերությունների մասին իրազեկել ամերիկահայ ընտրողներին: Բազմաթիվ հեռախոսազանգերի միջոցով կազմակեպությունը իրազեկում է հնարավորինս մեծ թվով ամերիկահայ ընտրողների այն նահանգներում, որտեղ թեկնածուներից որևէ մեկը դեռևս ձայների գերակշիռ մեծամասնություն չունի: «Մեր առաջնային նպատակն է իրազեկել բոլոր հայերին այս հարցերում Օբամայի դիրքորոշման մասին: Մենք փորձում ենք Օբամայի հայտարարություններն առավել ընկալելի դարձնել ամերիկահայերի համար, նրանց մտահոգություններին ավելի մոտ»,- նշում է խմբի ղեկավար Իբրանոսյանը:

Իբրանոսյանը համոզված է, որ հարցի լայն արծարծումը Դետրոյտի ու Լաս Վեգասի շրջանների մեծ հայկական համայնքներում կարող է վճռորոշ լինել: «Եթե մենք նրանց համոզենք քվեարկել, ապա ընտրությունների արդյունքը կարող է փոխվել կարմիրից կապույտի» ,- նշում է նա: «Հայ հանրապետականներն էլ իրենց հերթին են ջանքեր գործադրում Մաքքեյնին աջակցելու համար, սակայն նրանք ուշ են մեկնարկել և հանրապետական հայերի ազգային կազմակերպությունը (National Organization of Republican Armenians - NORA), որին նրանք ապավինում են, վերջին ութ տարիների ընթացքում գրեթե անգործության էր մատնված:
Ինչպես նրանից առաջ շատերը` Օբաման ևս, եթե հայտնվի Սպիտակ Տանը, պետք է ծանրութեթև անի իրար բախվող շահերը: Ջորջթաունից Գորի Վելթը ընդգծում է, որ Օբաման «միշտ պնդել է, որ միջազգային գործընկերներին ներգրավելը կարևոր է, և Թուրքիան լինելու է այն երկրներից մեկը, որին նույնպես նա ձգտելու է ներգրավել: Նա շատ շուտով կտեսնի, որ ցեղասպանության հարցը խոչընդոտ է»:

Սակայն մինչ այդ` Օբամայի դիրքորոշումը հույսեր է արթնացրել շատ ամերիկահայերի մոտ, նույնիսկ նրանց` ովքեր չեն ծրագրում քվեարկել նրա օգտին: NORA-ի խոսնակ և Մաքքեյնի աջակից Փիթեր Մուսուրլյանն, այդուհանդերձ հուսով է, որ, վերջապես, նախագահ Օբաման կհաջողի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Ես լաց չեմ լինի գարեջրիս բաժակի շուրջ, եթե Օբաման ընտրվի. ես կասեմ` տեսնենք, թե նա ինչ կանի ապրիլի 24-ին»,- ասում է նա անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիշատակման օրվան: «Հուսանք` նա ավելի լավ կդրսևորի իրեն, քան նախագահ Բուշը»:

artmamul.ararat-center.org
Категория: Обзор СМИ | Просмотров: 825
Календарь новостей
«  Октябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru