Среда, 27.11.2024, 06:29
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Октябрь » 29 » Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը
Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը
10:22
«Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտ»
Աղբյուրը՝ «Ամենօրյա տեղեկագիր»
 
 
Օմեր Էնգին Լյութեմ, պաշտոնաթող դեսպան
 
Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը (1)
 Շարունակվում են անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցի արձագանքները:

Լավրովը մասնավորապես ասել էր, որ օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի հայտ են բերել արտաքին աշխարհի հետ շփման հարցում Հայաստանի առջև կանգնած դժվարությունները, որոնք մեկ անգամ ևս կարևորել են թուրքական սահմանի բացման նշանակությունը: Հայ ժողովրդի շահերը պահանջում են ստեղծված իրավիճակի շուտափույթ հաղթահարում. Ղարաբաղի հարցի լուծման դեպքում Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ և կապահովի վերջինի հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ: Նա միաժամանակ նշել էր, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո ամենակարճ ժամանակահատվածում ակնկալում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, Ղարաբաղի հիմնահարցում կողմերին մնացել է չլուծված երկու կամ երեք խնդիր և դրանցից ամենակարևորը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի խնդիրն է:

Այս հարցազրույցը կարևոր է մի քանի առումներով: Առաջինը, թերևս, Հայաստանին կարիքի մեջ պահելու համար, մինչ օրս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ոչ այնքան ձգտող Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունն է: Որոշ աղբյուրներ դա պայմանավորում են Վրաստանի ռազմավարական նշանակության նվազեցման հավանականությամբ, պատճառաբանելով, թե թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանն այլևս արտաքին աշխարհ դուրս գալու համար կախված չի լինի Վրաստանից: Հիրավի թուրքական սահմանի բացումը կհանգեցնի Վրաստանի նշանակության նվազեցմանը, և դա սկզբունքորեն ճիշտ է: Սակայն Վրաստանի ռազմավարական նշանակության համար կարևորը ոչ այնքան նրա հաղորդակցության ուղիներն են, որքան ԱՄՆ-ի և Եվրամիության հետ նրա սերտ հարաբերությունները, ինչպես նաև` տարածաշրջանում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար միակ թեկնածու երկիր լինելը:

Բացի այդ, չեն հաստատվում նաև Լավրովի լավատեսական խոսքերը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կողմերին մնում է լուծել երկու կամ երեք խնդիր: Ահա թե ինչու Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Նովրուզ Մամադովը նշեց, որ առանցքային հարցերում կողմերը համաձայնության չեն եկել: Ինչ վերաբերում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ապա նա, առանց անդրադառնալու Լաչինի միջանցքի հարցին, ընդգծեց, որ չկարգավորված խնդիրների մեջ առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, և այս խնդիրը պետք է լուծվի Ղարաբաղի ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ:

Տարիներ շարունակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն ի վերջո բախվում են այս շրջանի ապագա կարգավիճակի խնդրին: Ադրբեջանը համառում է, որ ինքնավարության ամենալայն իրավունքներով Լեռնային Ղարաբաղը մնա իր կազմում: Հակառակ դրան` Հայաստանն առաջ է քաշում շրջանի քաղաքական ճակատագիրը հանրաքվեի միջոցով որոշելու անհրաժեշտությունը: 90-ականների սկզբներին, երբ Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը պատերազմի հետևանքով բռնի արտաքսվեց շրջանից, Ղարաբաղը դարձավ զուտ հայերով բնակեցված տարածք: Այս պայմաններում կասկածից վեր է, որ հանրաքվեն Հայաստանի ցանկություններին համապատասխան կհանգեցնի շրջանի անկախության հաստատման: Չպետք է նաև կասկածել, որ այնուհետ Հայաստանին միանալու որոշում կկայացնի անկախ Ղարաբաղը:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը նպաստելու համար նշանակված Մինսկի խմբի համանախագահներ (ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան), որոնք դեռևս շարունակում են բանակցությունները, առաջարկել էին հետաձգել շրջանի կարգավիճակի հարցը և զբաղվել մյուս հարցերի կարգավորմամբ, ինչպես օրինակ` Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական 7 շրջանների ազատագրումն է: Թեև խնդրո առարկա շրջանների ազատումը կլինի վերին աստիճանի դրական քայլ, բայց և այնպես ակնհայտ է, որ կարգավիճակի հարցի հետաձգումը չի հանգեցնելու որևէ արդյունքի և Ղարաբաղի հայերը, անկախ ամեն ինչից, ձգտելու են անկախության, ապա և Հայաստանի հետ միացման:

Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը (2)
Նախորդ հոդվածում անդրադարձել էինք պաշտոնական այն հակազդեցությանը, որն Ադրբեջանում և Հայաստանում առաջ էին բերել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին հայտարարությունները:

Հայաստանյան և սփյուռքահայ մամուլը բացասական արձագանք է տվել Լավրովի հայտարարություններին: Դրա հիմքում Ղարաբաղյան հիմնախնդիրը Ռուսաստանի աջակցությամբ սեփական շահերին համապատասխան լուծելու հայկական վաղեմի համոզմունքի սասանումից բխող հիասթափությունն է: Երկրորդը` Հայաստանի առջև ծառացած դժվարությունների մասին Լավրովի անդրադարձն է։ Ադրբեջանի լայն հնարավորություններին, ինչն անհարիր է համարվել այն երկրի ներկայացուցչի համար, որը համանախագահի կարգավիճակով միջնորդական առաքելություն է իրականացնում Ղարաբաղյան հիմնահարցում: Միաժամանակ անպատշաճ է բնութագրվել Լավրովի արտահայտությունը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պայմանավորված է (Հայաստանին) Թուրքիայի հնարավոր աջակցությամբ (ինչպես օրինակ` սահմանների բացումը): Ավելին, ճիշտ չի համարվել նաև առանց Ղարաբաղի ժողովորդի կամքի մասին հիշատակելու` հակամարտության կարգավորումից խոսելը: Վերլուծաբաններից մեկի կարծիքով` Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս կանխորոշում են այդ երկրի բնական պաշարները (նավթն ու գազը): Մեկ այլ վերլուծաբանի կարծիքով` Քոչարյանի օրոք Մոսկվան չէր կարող այդպիսի հայտարարություններ անել, եթե անում է, դա կնշանակի Սարգսյանը հրաժարվել է Քոչարյանի որդեգրած քաղաքականությունից:

Թեև հայկական մամուլն առանձնապես հարկ եղած ուշադրություն չդարձրեց, սակայն իրականում չափազանց կարևոր էր այն, որ Մինսկի խմբի մյուս անդամների նման Լավրովը ևս ասաց, որ ընդունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար իրական հնարավորությունների առկայությունը: ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը, թե համամիտ է Լավրովի տեսակետների հետ, ցույց է տալիս, որ Կոսովոյի, Վրաստանի և հակաօդային պաշտպանության համակարգի շուրջ միմյանց հետ անհաշտ մրցակցություն ծավալող այս 2 մեծ տերությունները միասնական են Ղարաբաղյան հիմնախնդրի անհապաղ կարգավորման հարցում: Այս միասնականությունը վկայում է, որ այսօր Ադրբեջանում անցկացվող նախագահական ընտրություններից հետո բարեկամական, բայց վճռական ճնշման են ենթարկվելու Հայաստանն ու Ադրբեջանը, որպեսզի համաձայնության գան Ղարաբաղի հարցում: Այս ճնշմանը կփորձի դիմադրել հատկապես Հայաստանը: Սակայն, քանի դեռ 2 մեծ տերություն կգործեն համատեղ, կարելի է մոտ ժամանակներում լուծում ակնկալել Ղարաբաղի հարցում:

Լավրովի խոսքերում կարևոր մյուս հանգամանքն էլ այն էր, որ նա երևան հանեց Թուրքիայի առանցքային դերը Ղարաբաղյան հիմնահարցում: Ղարաբաղյան հակամարտության հիմքում 90-ականների սկզբներին ծայր առած բախումների հետևանքով Ղարաբաղի և հարակից ադրբեջանական 7 շրջանների գրավումն ու այս վայրերում բնակվող ադրբեջանցիների արտաքսումն է: Հետևաբար հակամարտության կարգավորումը պետք է պայմանավորված լինի գրավյալ տարածքներից Հայաստանի դուրսբերմամբ, ինչպես նաև այն զիջումներով, որը ադրբեջանցի փախստականներին բնակության նախկին վայրեր վերադարձնելու հարցում կանի հայկական պետությունը: Սակայն Հայաստանում դեռևս Քոչարյանի իշխանությունների վարած անհաշտ քաղաքականության ազդեցության տակ գտնվող հայաստանյան հասարակական կարծիքի և քաղաքական բազմաթիվ գործիչների համար զիջումները դժվար թե ընդունելի լինեն: Այս իրավիճակում Սարգսյանն իր երկրի հասարակական կարծիքին պետք է համոզի, որ իր կատարած զիջումները փոխհատուցվում են: Փոխադարձաբար ընդունելի միակ տարբերակը թուրքական սահմանի բացումն է: Քանի որ վերջին շրջանում ահագնացել են Հայաստանի մեկուսացվածությունից բխող մտահոգությունները, ուստի հայ հասարակական կարծիքը գոհունակությամբ կընկալի թուրքական սահմանի բացումը:

Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը (3)
Երեկ նշել էինք, որ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը, եթե կողմերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համաձայնության գան: Որոշ առումներով դա կնշանակի, որ Թուրքիան է վճարելու կարգավորման գինը: Սակայն դա պետք է նորմալ համարվի, որովհետև 1993-ին սահմանի փակումից ի վեր, Թուրքիայում ամենաիրավասու գործիչներ բազմիցս հայտարարել են, որ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման դեպքում սահմանները կբացվեն: Ավելին, քանի որ Թուրքիան առանձնակի նշանակություն է տալիս Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը, ուստի այս հանգամանքը ևս ստիպելու է նրան, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը զուգընթաց բացի սահմանը:

Չնայած այս ամենին` Ղարաբաղյան հակամարտությունը բառիս բուն իմաստով Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիր չէ: Ադրբեջանի հետ առանձնահատուկ հարաբերությունների պատճառով է, որ Թուրքիան նաև իր համար խնդիր դարձրեց Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ահա թե ինչու սահմանների` Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պայմանավորված բացումն ամենևին չի ենթադրելու Հայաստանի հետ Թուրքիայի ունեցած խնդիրների կարգավորում: Հայաստանը խուսափում է թուրքական պետության տարածքային ամբողջականության (կամ նրա սահմանների անձեռնմխելիության) ճանաչումից, ինչպես նաև աջակցում է այլ երկրներում ցեղասպանության պնդումների ճանաչման համար սփյուռքի գործադրած ջանքերին: Սրանք են այս երկրի հետ Թուրքիայի բուն խնդիրները:

Այս երկու հարցի լուծման համար դեռևս 1992-ին, Հայաստանի անկախացումից անմիջապես հետո սկզբնավորված, թեկուզ` ընդհատումներով, բայց այնուամենայնիվ ծավալված բանակցությունները՝ չնայած տարիների վաղեմության, որևէ արդյունք չեն տվել: Մամուլից ստացած տեղեկությունների համաձայն` մեծարգո նախագահի երևանյան այցից առաջ և հետո ակտիվացած այս բանակցություններով նախատեսվում էր կողմերի միջև բարի կամքի արձանագրության ստորագրումը և դրա հրապարակումը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Քանի որ դա տեղի չունեցավ, ուստի այս փուլում կողմերը համաձայնության չեն եկել: Անշուշտ, բանակցությունները շարունակվում են եւ կշարունակվեն:

Սակայն, եթե Ղարաբաղյան հարցի լուծումն իրականանա մինչև բանակցությունների արդյունք տալը, և Թուրքիան, իր խոստման համաձայն, բացի սահմանը, իսկ դրան հետևի Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ապա Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման և ցեղասպանության պնդումների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման խնդիրներն այլևս դժվար թե հետաքրքրեն Հայաստանին: Հարցին այս տեսանկյունից մոտենալու դեպքում ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով չափազանց մեծ նշանակություն ունեցող թուրքական սահմանի բացումը բացասական ներգործություն է ունենալու Հայաստանի հետ Թուրքիայի հիմնարար խնդիրների կարգավորման վրա: Դրանից խուսափելու համար պետք է ձգտել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ նշանակության խնդիրները լուծվեն Ղարաբաղյան հիմնահարցի հետ մեկտեղ, և թուրքական սահմանի բացումը, բացի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, պայմանավորվի նաև Հայաստանի հետ Թուրքիայի ունեցած խնդիրների կարգավորմամբ:
 
Категория: Обзор СМИ | Просмотров: 805
Календарь новостей
«  Октябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru