|
Главная » 2008 » Ноябрь » 12 » Հայացք աշխարհին։ Թուրքիայի աճող դերը. Դիվանագիտություն
Հայացք աշխարհին։ Թուրքիայի աճող դերը. Դիվանագիտություն |
00:17 |
Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլի տեսություն»-ից: «Ֆիլադելֆիա Ինքուայրեր». Աղբյուրը՝ (The Philadelphia Inquirer) Թրուդի Ռուբին (Trudy Rubin),
Հակամարտություններով շրջապատված, այն դարձել է ավելի ակտիվ: Դա կարող է օգտակար լինել ԱՄՆ-ին
ԱՆԿԱՐԱ, Թուրքիա։ Ստամբուլի հրաշքներն ուսումնասիրող ամերիկացիները հազվադեպ են այցելում Անատոլիական սարահարթի խորքերում գտնվող Թուրքիայի մայրաքաղաք։ Իր աննկարագրելի բարձրահարկերով, կառավարական շենքերով և առևտրի նորագույն կենտրոններով այն արտացոլում է Թուրքիայի բարգավաճումը։
Անկարան հայտնի է հատկապես երկու վայրով` Թուրքիայի հնագույն անատոլիական անցյալը ներկայացնող մի հրաշակերտ թանգարանով, եւ բլրագագաթին տեղակայված Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի հսկայական դամբարանով։ Նրա խստադեմ պատկերը խոշոր պաստառների վրա կարելի է հանդիպել քաղաքի ցանկացած վայրում։
Սակայն Անկարան հայտնի է դառնում նաեւ ամերիկացիների համար ռազմավարական մեծ հետաքրքրություն ներկայացնող` իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ, ինչը կարող է օգնել կարգավորելու հակամարտությունները այն կարևորագույն տարածքներում, որտեղ Միացյալ Նահանգները երերում է: Խոսքն ալեկոծված կովկասյան տարածաշրջանի մասին է, որտեղ Ռուսաստանը վերջերս պատերազմեց Վրաստանի հետ, և Միջին Արևելքի։
«Եթե թվարկենք այն հիմնահարցերը, որոնց հետամուտ են Թուրքիան և ԱՄՆ-ն, կզարմանաք, թե որքան շատ են զուգահեռները», - ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը` ԱՄՆ-ից ժամանած մի խումբ լրագրողների և ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնների փորձագետների հետ այս շաբաթ իր գրասենյակում կայացած հարցազրույցի ժամանակ։
Հիրավի, Ամերիկայի օրակարգում ընդգրկված արտերկրյա գրեթե յուրաքանչյուր ճգնաժամ նաև Գյուլի մտահոգության առարկան է։ Թուրքիան գտնվում է Ասիան Եվրոպայի հետ կապող խաչմերուկում, ունի ընդհանուր սահման ոչ միայն Եվրամիության, այլև` Վրաստանի, Իրաքի, Իրանի և Սիրիայի հետ։ Իրաքյան պատերազմն սկսվելուց ի վեր, Թուրքիան զգում է Մերձավոր Արևելքում աճող քաոսի անբարենպատ ներգործությունը։
Թուրքիան նաև էներգետիկ ուղիների խաչմերուկում է։ Ռուսաստանը շրջանցող և Եվրոպան Ռուսաստանի կախվածությունից որոշ չափով թուլացնող Միջին Ասիայից և Կովկասից ձգվող նավթի և գազի նոր խողովակաշարերի կառուցման ջանքերն ամբողջությամբ կախված են Թուրքիայից: Ադրբեջանից Վրաստանով անցնող առանցքային նշանակության նավթամուղի համար գործածվում է Թուրքիայի Ջեհյան նավահանգիստը:
Հարեւան տարածքներում առկա անկայունությունը, Թուրքիային մղեց ավելի ակտիվ գործողությունների` հակամարտությունների կարգավորման գործընթացներում: «Տարածաշրջանում արտաքին քաղաքականության հարցերում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք մեր հարևանների հետ: Դրանք պետք է կարգավորվեն, այլապես խաղաղությունն անհնար է»,- հայտնել է Գյուլը:
Թուրքիան հիմնականում հենվում է «փափուկ ուժի» և դիվանագիտության վրա։ Թուրքիան միակ պետությունն է, որի հարաբերությունները հարևանությամբ գտնվող յուրաքանչյուր երկրի հետ կարելի է բնութագրել որպես բավարար կամ լավ. սրա հավաստիքն են մոտ կապերը Իսրայելի և արաբական պետությունների հետ, լավ հարաբերությունները Իրանի հետ, ամենայն շրջահայացությամբ կառավարվող հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ մոտ կապերը Վրաստանի հետ։
Թուրքիայի բազմաթիվ միջնորդական ջանքերից երկուսը կարող են դրական ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգներին մտահոգող կարևորագույն խնդիրների հարցում: Առաջինը՝ Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված Թուրքիայի վերջին նախաձեռնությունն էր։ Երկու ժողովուրդները լուրջ տարաձայնություններ ունեն 20-րդ դարի սկզբին մեկ միլիոն հայերի սպանությունը բնութագրելու հարցում. հայերն այն կոչում են ցեղասպանություն, մինչդեռ թուրքերը պնդում են, որ դա պատերազմական իրավիճակի հետևանք էր։
Գյուլը պատմության մեջ Թուրքիայի առաջին նախագահն է, որ սեպտեմբերին այցելեց Հայաստան։ Նա շնորհավորել էր Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և Սարգսյանն, իր հերթին, Գյուլին հրավիրեց Երևան՝ Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու։ Երկու ղեկավարներն էլ իրենց երկրների ներսում, այցի հետ կապված, հանդիպեցին ընդդիմության հզոր ալիքի:
«Ինչ խոսք, ես չէի գնացել միայն ֆուտբոլ դիտելու: Հիմնական նպատակն էր՝ ստեղծել մի այնպիսի մթնոլորտ, որը այսուհետ հնարավոր կդարձնի մեր շփումները։»
Նպատակը` աշխատել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բնականոնացնելու և սահմանները բացելու ուղղությամբ։ Թուրքիան կարող է նաև միջնորդել Հայաստանի և կովկասյան մյուս պետության՝ Ադրբեջանի միջև թունոտ վեճի կարգավորման հարցում. Հայաստանն այժմ տիրում է ադրբեջանական տարածքի մի մեծ մասի։
Այս հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացը կարող է դրական ազդակ լինել մեռյալ կետից շարժելու նաև Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները և նոր խողովակաշարերի հեռանկարներ բացել։ «[Կովկասյան] ցանկացած խնդրի լուծումը բոլորի համար դրական ազդեցություն կունենա,» - ասել է Գյուլը: Թուրքիայի (և Հայաստանի) ջանքերը խիզախ քայլեր են այդ ուղղությամբ։
Որպես երկրորդ օրինակ, Թուրքիան միջնորդում է Սիրիայի և Իսրայելի միջև խաղաղ բանակցություններին։ «Մենք շատ ենք աշխատել, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Վերջին ժամանակներում կատարված աշխատանքն ավելի տեսանելի դարձավ»,- հայտնել է Գյուլը:
Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները նախընտրում էր մեկուսացնել Սիրիան, Թուրքիան աշխատում էր Սիրիային ու Իսրայելին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ (և այդ մասին տեղեկացրել էր Վաշինգտոնին)։ Գաղտնի բանակցությունների չորս փուլ է անցկացվել. գործընթացն այժմ սառեցված է՝ Իսրայելում նոր կառավարության կազմավորման կապակցությամբ։
Սիրիայի և Իսրայելի միջև խաղաղությունը վերջ կդներ Սիրիայի և Իրանի ներկայիս դաշինքին և կտապալեր Հեզբոլլահը` Թեհրանին ստիպելով վերանայել իր քաղաքականությունը տարածաշրջանում։ Նման արդյունքը կօգնի նաեւ վերականգնել իսրայելա-պաղեստինյան խաղաղ կարգավորման գործընթացը:
Ամփոփում. ԱՄՆ-ի հաջորդ նախագահը պետք է խրախուսի Թուրքիայի միջնորդական ջանքերը և օգտվի նրա «փափուկ ուժային» ջանքերից։ Թուրքիայի դիվանագիտությունը նոր հնարավորություններ է ընձեռում իր ամերիկյան դաշնակցին:
artmamul.ararat-center.org |
Категория: Обзор СМИ | Просмотров: 854 | | |
|
|