Աղբյուրը` (USA Armenian Life Magazine, Issue #1129 Nov. 14-20, 2008) Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա Կուրիեր»-ի հրատարակիչ, «Յու Էս Էյ Արմենիան Լայֆ»-ի ավագ թղթակից (Harut Sassounian, Publisher, The California Courier; Senior Contributor, USA Armenian Life Magazine)
Հիմա, երբ սենատոր Բարաք Օբաման նախագահ է ընտրվել, ամերիկահայերը պետք է զգոն լինեն, որպեսզի դիմակայեն ընտրված նախագահի ու նրա մերձավոր շրջապատի վրա թուրքական ճնշումներին: Թուրքիայի կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել լայնածավալ քարոզչական արշավի իրականացմանը, որի նպատակն է ազդել հաջորդ վարչակազմի վրա Թուրքիայի համար կենսական նշանակության մի շարք հարցերում, ինչպիսիք են Հայոց Ցեղասպանությունը, Կիպրոսի խնդիրը, Իրաքի պատերազմը և քրդերի հարցը:
Նախագահի ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու բարձրաստիճան պաշտոնյա ուղարկեց Վաշինգտոն, որտեղ նրանք պետք է հանդիպեին սենատորներ Օբամայի և ՄաքՔեյնի ամենամոտ խորհրդականներին և համոզվեին, որ անկախ նրանից, թե թեկնածուներից որ մեկը կընտրվի նախագահ, Թուրքիայի շահերին հակասող որոշումներ նա չի ընդունի: Բացի այդ, Թուրքիան վարձել է լոբբինգով զբաղվող ամերիկյան մի քանի կազմակերպություններ, որոնք արդեն ակտիվորեն աշխատում են, որպեսզի ընտրված նախագահին ու նրա խորհրդականներին համոզեն Թուրքիային աջակցել մի շարք հարցերում:
Ակնհայտ է, որ Թուրքիայի կառավարությանը մտահոգել են սենատոր Օբամայի` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին բազմիցս հնչեցրած խոստումերը: Իր շնորհավորական նամակում վարչապետ Էրդողանն այնքան հեռու գնաց, որ հույս հայտնեց, թե նախագահի պաշտոնում Օբաման չի կատարի այն խոստումները, որ տվել էր ամերիկահայ համայնքին, երբ դեռ թեկնածու էր:
Ավելին, Էրդողանը հանդիպում է խնդրել սենատոր Օբամայի հետ, ամենայն հավանականությամբ, Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցում նրան տարհամոզելու նպատակով: Թուրքիայի վարչապետն այն 20 երկրների առաջնորդների ցանկում է, որոնց նախագահ Ջորջ Բուշը հրավիրել է Սպիտակ Տուն` մասնակցելու այս շաբաթվա վերջին կայանալիք Տնտեսական գագաթնաժողովին: Ընտրված նախագահի խորհրդականները հարկե, որ մերժեն հանդիպման մասին Էրդողանի խնդրանքը` հիշեցնելով, որ անցած տարվա հունվարին նա վիրավորել է սենատոր Օբամային` անվանելով նրան «քաղաքականության մեջ ոչ արհեստավարժ» միայն այն պատճառով, որ նախագահի թեկնածուն հայտարարություն էր արել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես իմ հոդվածներից մեկում գրել էի այդ ժամանակ, «Էրդողանի վիրավորական խոսքերը կարող են հետապնդել նրան ընտրություններից հետո»: Չնայած Թուրքիայի կառավարության ակտիվ լոբբիստական ջանքերին` ամերիկահայերի համար թերևս ավելի հեշտ կլինի իրենց օրակարգային խնդիրներն առաջ տանել Օբամայի նախագահության շրջանում: Հեռացող վարչակազմի համեմատությամբ` գալիք վարչակազմի դեպքում հայերն ունեն մի քանի լուրջ առավելություն.
1) Ե՛վ նախագահ Օբաման, և՛ փոխնախագահ Ջոու Բայդենը հետևողականորեն պաշտպանել են հայկական հարցերը; 2) Նոր Կոնգրեսում հայանպաստ օրեսնդրության ընդունումն ավելի հավանական է, քանի որ և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում դեմոկրատները մեծամասնություն են կազմելու, որին կմիանան երկու պալատներում էլ մեծ թիվ կազմող հայամետ հանրապետական կոնգրեսականները; 3) Քիչ հավանական է, որ Պետքարտուղարությունն ու Պաշտպանության նախարարությունն ընդդիմանան Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը Կոնգրեսում, քանի որ Սպիտակ տունը, հավանական է, կա՛մ կաջակցի այդ նախաձեռնությանը, կա՛մ առնվազն չի ընդդիմանա դրան; 4) Թեև Օբամայի վարչակազմում կծառայեն նաև որոշ թուրքամետ բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց թվով կգերազանցեն այն պաշտոնյաները, որոնք սատարում են հայկական հարցերին կամ առնվազն` անկողմնակալ են:
Չնայած ուժերի այսպիսի նպաստավոր հավասարակշռությանը` Կոնգրեսում ցանկացած հայանպաստ օրենքի վերջնական ճակատագիրը կախված է երկու կարևոր նախապայմաններից.
1) Ամերիկահայ համայնքի զգոնությունը, և ԱՄՆ-ի դեմ թուրքական սպառնալիքներին հակազդելու նպատակով մասսայական ու լրատվական դաշտում ակտիվ քարոզչության իրականացումը; 2) Հայաստանի կառավարության կողմից` հայ-թուրքական պատմական հանձնաժողովի ձևավորման ծրագրերի հետաձգում, կամ, նախընտրելի է` դադարեցում, քանի որ Թուրքիայի կառավարությունը կօգտագործի այն ԱՄՆ-ում և այլ երկրներում Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը տապալելու նպատակով:
Հայ համայնքի այն ներկայացուցիչները, որոնք դեռ թերահավատ են այն հարցում, որ ԱՄՆ հաջորդ նախագահը կպահի Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր խոստումները և/կամ կսատարի այս հարցի վերաբերյալ Կոնգրեսում բանաձևի ընդունմանը, պետք է իմանան, որ անկախ նրանից, թե որքանով է արդարացված իրենց թերահավատությունը, չպետք է ստեղծեն այն կեղծ և վնասակար տպավորությունը, թե հնարավոր չէ, որ ԱՄՆ որևէ նախագահ երբևէ ճանաչի Ցեղասպանությունը: Ի վերջո, Ռոնալդ Ռեյգանը` ԱՄՆ ականավոր նախագահներից մեկը, 1981թ. նախագահական ուղերձում հիշատակեց Հայոց Ցեղասպանությունը: Նախագահ Օբաման պարզապես կրկնած կլինի այն, ինչը 27 տարի առաջ արդեն հայտարարել էր նախագահ Ռեյգանը:
Նույն կերպ, նրանց, ովքեր ասում են, թե Ներկայացուցիչների պալատը երբեք Հայոց Ցեղասպանության մասին բանաձև չի ընդունի, պետք է հիշեցնել, որ Ներկայացուցիչների պալատն իր լիագումար նիստերում երկու անգամ ընդունել է այդպիսի բանաձև, առաջին անգամ` 1975թ., երկրորդ անգամ`1984թ.: Այնպես որ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին պարզապես վերահաստատած կլինի այն, ինչն արդեն երկու անգամ ընդունել է Ներկայացուցիչների պալատը:
Կասկած չկա, որ Թուրքիայի մերժողական դիրքորոշում ունեցող առաջնորդները կփորձեն դատարկ սպառնալիքներ հնչեցնել ԱՄՆ-ի հասցեին և կրկնել անցած տարվա դրվագը` Վաշինգտոնից կարճ ճամանակով հետ կանչելով իրենց դեսպանին: Դրանից հետո նրանք կրկին Վաշինգտոն կուղարկեին իրենց դեսպանին` գիտակցելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարիքն ավելի շատ ունի, քան ԱՄՆ-ը` Թուրքիայի:
Եթե ամերիկահայերը ցանկանում են, որ Օբամայի վարչակազմը սատարի իրենց գործին, նրանք պետք է ավելի մեծ եռանդով սատարեն իրենց քաղաքական ընկերներներին և դիմակայեն թշնամիներին: Մյուս կողմից` գալիք վարչակազմը պետք է բարոյական քաջություն ցուցաբերի` դիմակայելու Թուրքիայի սպառնալիքների մարտավարությանը` երրորդ աշխարհի երկիր, որին չի կարելի թույլ տալ լռեցնել ԱՄՆ Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին:
|